Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին․ Ալեքսանյան


 

Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին․ Ալեքսանյան

  • 26-03-2026 18:22:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ նիստում անդրադարձել է ընդդիմադիր դաշտից հնչող մեղադրանքներին, հատկապես պարգևավճարների թեմաների քննարկումներին ու աշխատավարձը կոռուպցիայի հետ նույնականացնելու մասին բարձրաձայնումներին։
 
«2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի աշխատավարձը եղել է 400 հազար դրամ, այդ նույն թվականի դոլարային ինդեսքով դա կազմել է 1310 դոլար: Նրա ու նրա ընտանիքի ունեցվածքը գնահատվում է 200 միլիոն դոլար: Սա ունեցվածքի մի մասն է, որը հնարավոր է եղել պարզել: Վստահ եմ՝ եղել են բաներ, որ հնարավոր չի եղել պարզել: Այդ ունեցվածքին հասնելու համար Քոչարյանը պետք է աշխատեր 12 հազար 722 տարի կամ 152 հազար 671 ամիս: Ենթադրենք՝ ամեն ամիս պարգևավճար է ստացել: Եթե ամեն ամիս կրկնակի պարգևավճար ստանար, դրա համար նրան պետք կլիներ 75 հազար ամիս:
 
Կամ խոսում են, ասում են՝ պատգամավորները ստացել են 600 հազար դրամ պարգևավճար: ՀՀ քաղաքացիները դա կարող են համարել լավ կամ վատ, դա այլ հարց է»,- ասել է պատգամավորը։
 
Ինչ վերաբերում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին, Ալեքսանյանը հիշեցրել է, որ պետական ապարատում նրա ամենաբարձր աշխատավարձը եղել է 600 հազար դրամ, իսկ նրանից ու ընտանիքից պահանջվում է բռնագանձել 20 միլիոն դոլար:
 
«Որպեսզի այս 20 միլիոն դոլարը մարդը 600 հազար դրամ աշխատավարձով ունենա, պետք է աշխատի 13 հազար 333 ամիս»,- ասաց պատգամավորը:
 
Ըստ Ալեքսանյանի՝ անհամեմատելի է պատգամավորի 1000 դոլարի պարգևավճարը բերել նույնականացնել վերոնշյալ 200 միլիոն դոլարի և 20 միլիոն դոլարի հետ:
 
«Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին․ սա քաղաքական կանխատեսում է։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, պարո՛ն Մինասյան, որ այդ դրոշները ձեր դիմացից հանեք, որովհետև սրանից մոտ 2-3 տարի առաջ այդ ամբիոնից ձեր քաղաքական խմբակցությունը հայտարարում էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի չկա ՀՀ: Դուք Լեռնային Ղարաբաղում իշխանությունը զավթեցիք, լուծարեցիք ԼՂ-ն, չկա փաստացի ձեր ստորագրությամբ Լեռնային Ղարաբաղը, բայց դուք այսօր եկել եք, քարոզարշավի եք մասնակցում, քաղաքացիների հետ եք հանդիպում, սոցիալական հարցեր եք բարձրացնում: Հազար ներողություն, ուրացա՞ք էդ դրոշները, որ ձեր առաջ դրված են, մոռացա՞ք, թե՞ էն ժամանակ էիք ստում ՀՀ քաղաքացիներին»,- նշել է պատգամավորը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը