Հաստատվել է խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը
26-03-2026 18:48:11 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Գործադիրը հաստատել է Խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը՝ հանրապետության խաղող վերամշակող տնտեսավարողների՝ արտահանման խնդիրներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը մեղմելու, վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն տրամադրելու նպատակով։
Ըստ այդմ առաջարկվում է՝ 2025 թ. առնվազն 10000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած կազմակերպություններին ծրագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրել մինչև 1000․0 մլն դրամ սահմանաչափով վարկեր՝ աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով, ընդ որում վարկի շրջանակներում վճարվում է շահառուի աշխատակիցներին աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և պետական կամ համայնքի բյուջե հարկերի ու պարտադիր վճարումների գումարի այն տոկոսի չափով, որը հավասար է շահառուի կողմից 2025 թ. արտահանված արտադրանքի ընդհանուր արժեքի և իրացված արտադրանքի ընդհանուր արժեքի հարաբերակցության տոկոսին։ Վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով առավելագույնը տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, սուբսիդավորվելու է տրամադրված վարկերի տոկոսադրույքի տարեկան 10 տոկոսային կետին համարժեք մասը, իսկ ծրագրի վարկային պորտֆելը սահմանվում է մինչև 4000․0 մլն դրամ։
Վարկերն ունեն առավելագույնը 48 ամիս մարման ժամկետ, իսկ վարկի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 24 ամիս։ Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի գծով կազմակերպությունների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարության կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք։ Սահմանվում են վարկերի և բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգերը։ Առնվազն մինչև 10000 տոննա սահմանաչափը որոշվել է այն նկատառումից ելնելով, որ կոնյակի մեծածավալ արտահանողները հիմնականում մեծ քանակությամբ խաղող մթերող կազմակերպություններն են, որոնք էլ բախվել են արտահանման ծավալների կրճատումից առաջացած խնդիրներին։