Հայաստանում մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը. մրցույթին դիմել են շուրջ 100 նախագիծ ամբողջ հանրապետությունից


 

Հայաստանում մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը. մրցույթին դիմել են շուրջ 100 նախագիծ ամբողջ հանրապետությունից

  • 28-03-2026 16:33:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի դպրոցականների գիտական ներուժն ու նորարարական մտածողությունը ներկայացնող «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը մեկնարկել է՝ միավորելով շուրջ 100 նախագիծ ամբողջ հանրապետությունից։
 
Մրցույթն անցկացվում է  ՀՀ ԳԱԱ-ի և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ամեն տարի ոգևորությամբ է հետևում աշակերտների ներկայացրած բազմազան գաղափարներին։ Նրա խոսքով՝ ոգևորող է տեսնել, թե ինչ հետաքրքիր նախագծեր են ներկայացվում տարբեր բնագավառներում՝ բնական և հասարակական գիտություններից մինչև նորարարական այլ ուղղություններ։ Նախարարն ընդգծեց, որ փառատոնը կարևոր հարթակ է, որտեղ աշակերտների գաղափարները դառնում են տեսանելի։
 
Անդրեասյանը նշեց, որ հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային գիտական փառատոնների՝ ընդգծելով, որ պետական ծրագրերով դպրոցներին տրամադրվող լաբորատոր սարքավորումներն արդեն նպաստում են գործնական փորձերի իրականացմանը։ Նրա խոսքով՝ նման միջավայրերը խթանում են աշակերտների ակտիվությունն ու հետաքրքրությունը գիտության նկատմամբ։
 
«Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությունը կարևոր դեր ունի գիտության հանրայնացման և դպրոցների հետ աշխատանքի մեջ։ Միաժամանակ պետք է շեշտեմ, որ հասարակությունում առկա այն կարծիքները, թե երեխաները քիչ են հետաքրքրվում գիտությամբ, կարելի է հերքել նման միջոցառումներին այցելելով․ այստեղ, ակնհայտ է, որ կա հետաքրքրված ու խոստումնալից սերունդ»,- ասաց նախարարը:
 
Անդրադառնալով փառատոնի մասնակիցների թվի աճին՝ նախարարն արձանագրեց, որ ամեն տարի նախագծերի թիվն ավելանում է։ Նրա խոսքով՝ այս տարի ներկայացվել է շուրջ 100 նախագիծ, որոնց զգալի մասն անցել է եզրափակիչ փուլ։ Նա նաև նշեց, որ աճում է հատկապես հասարակագիտական նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը, և կարևոր է, որ մասնակցության շրջանակն ընդլայնվում է՝ ներգրավելով նաև առաջին անգամ մասնակցող դպրոցների։
 
ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության պետ Սոֆի Աճեմյանը նշեց,  որ փառատոնն անցկացվում է արդեն վեցերորդ տարին։ Նրա խոսքով՝ այս տարի ներկայացվել է մոտ 100 նախագիծ, որոնցից 76-ն անցել են եզրափակիչ փուլ։ Աճեմյանը նշեց, որ նախագծերը ներկայացվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով՝ ընդգրկելով ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն և հասարակական գիտություններ անվանակարգերը։
 
«Ծրագրի նպատակն է զարգացնել աշակերտների գիտական հետաքրքրությունը, խթանել թիմային աշխատանքը և ձևավորել նորարարական մտածողություն։ Փառատոնը նաև կարևոր դեր ունի մասնագիտական կողմնորոշման հարցում, իսկ հաղթողների անունները կհայտարարվեն առաջիկայում․ յուրաքանչյուր անվանակարգում լինելու է երեք հաղթող, իսկ առաջին տեղ զբաղեցրածները հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային փառատոնների»,- ասաց նա:
 
Փառատոնի մասնակիցներից Լոռու մարզի Նեղոցի Արթուր Բեկջանյանի անվան հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արինա Բեկջանյանը փառատոնին  ներկայացրել է իր ստեղծած խելացի աղբատար ռոբոտը։ Նա նշեց, որ համակարգը նախատեսված է հեռավար կառավարման համար, ինչը թույլ կտա մարդուն խուսափել վտանգավոր թափոնների հետ անմիջական շփումից և նվազեցնել վարակների ռիսկը։
 
Աշակերտի խոսքով՝ ռոբոտը կնպաստի նաև շրջակա միջավայրի պահպանությանը, քանի որ չի օգտագործում վառելիք և չի աղտոտում օդը, միաժամանակ աշխատում է ավելի արագ և արդյունավետ։ «Նման միջոցառումները հնարավորություն են տալիս աշակերտներին ներկայացնել իրենց գաղափարները և խթանում են մյուսների հետաքրքրությունը գիտության նկատմամբ»,- ասաց աշակերտուհին:
 
Արինա Բեկջանյանը նշեց նաև, որ ապագայում ցանկանում է խորանալ գրաֆիկական դիզայնի և համակարգչային ոլորտում, սակայն պատրաստ է հնարավորության դեպքում շարունակել հետաքրքրվել նաև գիտությամբ։
 
Մրցույթի ժյուրիի անդամ, Երևանի պետական համալսարանի դասախոս Գոռ Մարգարյանը, ամփոփելով առաջին տպավորությունները, նշեց որ ներկայացված աշխատանքները բավական տպավորիչ են։ Նրա խոսքով՝ գնահատման ընթացքում ուշադրություն է դարձվում գաղափարների նորարարությանը, դրանց հանրայնացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև աշակերտների ներգրավվածությանը և գիտակրթական շղթայի ձևավորմանը։
 
«Նախորդ տարիների համեմատ նկատվում է հատկապես հասարակագիտական նախագծերի աճ, ինչը վկայում է փառատոնի շարունակական ազդեցության մասին։ Գնահատման կարևոր չափանիշներից են նաև գաղափարի կիրառականությունը, աշակերտների նվիրվածությունը և իրենց աշխատանքի ապագայի տեսլականը»,- ասաց Գոռ Մարգարյանը:
 
Ժյուրիի անդամի խոսքով՝ առանձնահատուկ կարևոր է այն հանգամանքը, որ շատ աշակերտներ իրենց նախագծերը դիտարկում են որպես օգտակար իրենց հայրենիքի համար, ինչը գիտական աշխատանքի մեջ կարևորագույն մոտիվացիոն գործոն է։ Նա նաև կարևորեց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և գիտության հանրայնացմանն ուղղված աշխատանքները՝ որպես հաջողության առանցքային բաղադրիչներ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն