Զույգ եղբայրների և Գևորգ Գևորգյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. մանրամասներ
31-03-2026 10:25:12 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղայի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Այս մասին հայտնում է քննչական կոմիտեից՝ հավելելով, որ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը):
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ մարտի 29-ին քայլել էին Երևանի Սուրբ Աննա եկեղեցի՝ մասնակցելու Ծաղկազարդի պատարագին: Պատարագի ընթացքում ներկաներից մեկը փորձել էր հարվածել վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել էին միջադեպը:
Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի, նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ և Միքայել Մինասյանները: Նրանք չափահաս են՝ ծնված 2007 թվականին:
3-րդ ձերբակալվածը Գևորգ Գևորգյանն է, որը Սերժ Սարգսյանի ակտիվ համախոհն է, եղել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կազմակերպած ցույցերի գերակտիվ մասնակիցներից մեկը և աչքի է ընկնում արմատական ընդդիմադիր վարքագծով: Նկատենք, որ երկրի ղեկավարին սադրելու ժամանակ նա ևս եկեղեցու ներսում է եղել: