Թրամփը հայտնում է՝ Իրանում պատերազմը կարող է ավարտվել 2-3 շաբաթում


 

Թրամփը հայտնում է՝ Իրանում պատերազմը կարող է ավարտվել 2-3 շաբաթում

  • 01-04-2026 10:30:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել արդեն հինգ շաբաթ ձգվող Իրանի վրա ռազմական հարձակումները երկու-երեք շաբաթվա ընթացքում: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանի հետ գործարքի կնքումը հակամարտության դադարեցման նախապայման չէ։
 
«Շատ շուտով դուրս կգանք», – նախօրեին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է նախագահ Թրամփը՝ հավելելով, որ դուրս գալը կարող է տեղի ունենալ «գուցե երկու, գուցե երեք շաբաթվա ընթացքում»։
 
Հարցին, թե արդյոք Իրանի հետ դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնելը նախապայման է ավարտելու այն, ինչ ԱՄՆ-ն անվանել է «Էպիկական ցասում» գործողություն, Թրամփը պատասխանել է՝ ոչ:
 
«Իրանը պարտավոր չէ գործարք կնքել, ոչ», - ասել է Թրամփը։ «Ոչ, նրանք պարտավոր չեն գործարք կնքել ինձ հետ»։
 
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին ևս հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է տեսնել «վերջնագիծը» Իրանի պատերազմում:
 
Ավելի ուշ Սպիտակ տնից տեղեկացրել են, որ այսօր Թրամփն ուղերձ է հղելու ամերիկացի ժողովրդին՝ «Իրանի հետ կապված կարևոր թարմացմամբ»։
 
Վաշինգտոնից նախկինում սպառնացել էին սաստկացնել ռազմական գործողությունները, եթե Թեհրանը հրաժարվի հրադադարի հաստատման համար ԱՄՆ-ի ներկայացրած 15 կետանոց շրջանակային փաստաթղթից։ Միջուկային զենք չստեղծելը, ուրան չհարստացնելը, ինչպես նաև Հորմուզի նեղուցը վերաբացելը դրա առանցքային դրույթներից էին։
 
Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ հայտարարել է. «ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին, եթե Թեհրանը գործարքի չգնա մեզ հետ»: Փիթ Հեգսեթը պնդել է, որ «խելամիտ լինելու դեպքում Իրանը կգնա համաձայնության կնքման»։
 
«Եթե Թեհրանը չդիմի այդ քայլին, Միացյալ Նահանգները կշարունակի գործել շատ ավելի մեծ ինտենսիվությամբ։ Իրանում դա գիտեն և ռազմական տեսանկյունից դրան հակադարձելու որևէ հնարավորություն չունեն»,- հայտարարել է Հեգսեթը։
 
Մինչ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեինհայտարարել է, որ ինքն ուղիղ հաղորդագրություններ է ստացել ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆից, սակայն դրանք «բանակցություններ» չեն համարվում, նախարարի խոսքերը մեջբերել է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը