TRIPP-ի համաձայնագիրը խաթարել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ


 

TRIPP-ի համաձայնագիրը խաթարել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ

  • 02-04-2026 10:21:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման մասին համաձայնագրի ստորագրումը խաթարել է տարածաշրջանային հավասարակշռությունը Հարավային Կովկասում, ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին «թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը»:
 
«Ապաշրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չտեսնելը մեծ սխալ էր», - հայտարարել է այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյան:
 
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հռչակագիր են ստորագրել Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման և Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ստեղծման մասին:
 
Միացյալ Նահանգներն ու Հայաստանը TRIPP-ում իրենց իրավունքների ու պարտավորությունների շրջանակը սահմանեցին համատեղ հռչակագրից 5 ամիս անց: Հայտարարության մեջ մի քանի անգամ ընդգծված է ճանապարհին Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, այդ թվում՝ սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ Հայաստանի իրավազորությունը բացարձակ և անքննարկելի է որակվել:
 
Օվերչուկը նաև վստահություն է հայտնել՝ չինական և ռուսական բեռներն ավելի շուտ կանցնեն Իրանի տարածքով, քան ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հայկական տարածքով:
 
Ավելին, ըստ նրա՝ եթե Ռուսաստանը հետաքրքրություն չունենա Հայաստանում, ապա նրա տարածքով բեռների տեղաշարժի պատճառները քիչ կլինեն։ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանը սահմանափակ հնարավորություններ ունի Մեղրիի հատվածից հետո բեռնափոխադրումների ուղղության մասին պայմանավորվելու:
 
«Եթե այդ գործարքը երբևէ փակվի, ապա դրանով Հայաստանը կստանա Մեղրու հատվածի կառավարման ձեռնարկության ընդամենը 26 տոկոսը:
 
Այն, որ հաշվի առնելով ներկա հանգամանքները, Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին անմիջապես հարող Մեղրիի հատվածը հանձնվում է ամերիկացիների վերահսկողությանը, նույնպես ներդրումային լավատեսություն չի ավելացնում», - նշել է նա:
 
Հայաստանի վարչապետը երեկ Մոսկվայում հանդիպեց ՌԴ նախագահի հետ: Հանդիպման բաց հատվածում TRIPP-ին անդրադարձ չկար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը