ՀՀ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվում են ավելի խիստ պահանջներ. «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար
02-04-2026 19:40:02 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am Ռուսաստանի գյուղատնտեսական հսկողության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանից ՌԴ արտահանվող գյուղատնտեսական և կենդանաբանական արտադրանքին վերաբերող խնդիրները, որոնք առաջացել են մի քանի տարի առաջ, շարունակում են մնալ։
«Հայաստանից ներմուծվող արտադրանքի տեսականին և ծավալը տալիս են հիմք ենթադրելու, որ այդ ամենը հայկական ծագում չունի։ Մենք զբաղվել ենք այս խնդրով և՛ 2024, և՛ 2023 թվականներին»,- ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը՝ ընդգծելով՝ ապրանքների աննախադեպ ավելացումը, որը պայմանավորված է ԵԱՏՄ շուկաների դյուրացրած մուտքի կարգով։
«Օրինակ, երեք տարում Հայաստանից ծաղիկների մատակարարումները ավելացել են 36 միլիոնից մինչև ավելի քան 100 մլն միավոր։ Նույնն է նաև այլ ապրանքատեսակների դեպքում», - ասել է Դանկվերտը՝ ընդգծելով՝ նկատվել է, որ Ռուսաստան ուղարկվող շատ ապրանքներ չեն հասնում նախատեսված վայրերը:
Խոսելով կենդանաբանական արտադրանքի մատակարարման խնդիրների մասին՝ նա նշել է, որ «այստեղ ևս ապրանքի մի մասը, հնարավոր է, որ հայկական ծագում չունի: Խոսքը՝ կարագի, պանիրների, իշխանի մասին է։ Հայաստանի լեռնային գետերի իշխանը որևէ կերպ չի կարող նման լինել նորվեգականին»:
Դանկվերտը հավելել է, որ այս ամենը հանգեցրել է նրան, որ Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվում են ավելի խիստ պահանջներ։ Նա տեսնում է լուծումը ԵԱՏՄ-ում անվտանգության վերահսկողության տեղեկատվական համակարգերի ինտեգրման մեջ:
«Մեր էլեկտրոնային համակարգերը թույլ են տալիս արագ հետևել մատակարարվող ապրանքներին և արդյունավետ աշխատել», - ասել է նա՝ ընդգծելով, որ այս պահին այդ հնարավորությունը միության շրջանակում «դեռ չի գործում»։