Տաշքենտաբնակ 12-ամյա երգչին հանձնվել է ՀՀ Սփյուռքի<br /> նախարարության շնորհակալագիրը<br />


Տաշքենտաբնակ 12-ամյա երգչին հանձնվել է ՀՀ Սփյուռքի
նախարարության շնորհակալագիրը

  • 16-03-2010 21:08:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 15-ին ընդունել է Տաշքենտում բնակվող 12-ամյա երգիչ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Մասիս Մինասյանին` իր ծնողների` Նեկտար եւ Շիրազ Մինասյանների, եւ կոմպոզիտոր Անահիտ Շահզադեյանի ուղեկցությամբ: Երկար տարիներ ապրելով Տաշքենտում, Մինասյան ամուսինները կարողացել են իրենց զավակներին փոխանցել սերը Հայրենիքի, հայ մշակույթի, հատկապես հայ երգարվեստի նկատմամաբ, սովորեցրել են որդիներին խոսել անաղարտ հայերենով: Հանդիպման ժամանակ Մասիսը կատարել է Ա.Շահզադեյանի «Մասիսն է իմ լեռը, Մասիսն եմ եւ ես» երգը, որը նա պատրաստվում է ներկայացնել «Նոր ալիք» միջազգային փառատոնում: Մեկ այլ երգով Մասիսը կմասնակցի «Եվրոտեսիլ»-ի մանկական երգի մրցույթին, ինչպես նաեւ որպես անհատ-կատարող հանդես կգա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում: Հ.Հակոբյանը բարձր է գնահատել օտար ափերում հայ երգը եւ մշակույթն արժանապատվորեն ներկայացնող 12-ամյա տաղանդաշատ պատանյակի ջանքերն ու նվիրումը: «Սիրելի Մասիս, դու ճառագում ես, եւ քո միջի արեւը թող որ քեզ դարձնի Արարատ եւ հայ երգի դեսպանն աշխարհում»,- մաղթել է նրան նախարարը: Հ.Հակոբյանը փոքրիկ երգչին նվիրել է «Սովորիր մեծերից» ասույթների եւ առակների ժողովածուն, նաեւ խորհուրդ տվել ավելի հաճախ այցելել «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթ` ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին տեղեկանալու եւ մասնակցելու համար: Մասիսին հանձնվել է ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը` հայ երգարվեստի զարգացմանը, հայապահպանության եւ Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի եւ նշանակալի ձեռքբերումների համար: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար, հյուրերը նշել են, որ հանձին նորաստեղծ գերատեսչության իրենք շատ արագ եւ արդյունավետ են տեսնում իրենց հիմախնդիրների լուծումը Հայրենիքում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play