Առողջապահության նախարարի տեղակալը հերքում է լուրերը, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը դադարելու է գործել
07-04-2026 15:00:34 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հերքում է տարածվող լուրերն ու խոսակցությունները, թե հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը դադարելու է գործել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նանուշյանը թեմային անդրադարձավ Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, որ հատկապես տարեցների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը դադարելու է գործել, դրա համար հիմա հիվանդանոցներում մեծ հերթեր են։ Պատգամավորն առաջարկեց իրազեկման մեծ արշավ սկսել և մարդկանց տեղեկացնել, որ համակարգը շարունակելու է գործել ընտրություններից հետո։
Նանուշյանն ընդգծեց, որ լուրերը, թե ընտրություններից հետո համակարգը դադարելու է գործել, կեղծ են։ «Իրականում մեծ ապատեղեկատվություն է տարածվում որոշ լրատվամիջոցների և ուժերի կողմից, բայց մենք տեսնում ենք, որ օրենքն ընդունվել է, և ապահովագրական համակարգը շարունակելու է գործել։ Ավելին՝ մինչև 2028 թվականը յուրաքանչյուր տարի նոր խմբեր են ավելանալու՝ ընդգրկելով երկրի ամբողջ բնակչությանը»,- նշեց փոխնախարարը։
Անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում առկա հերթերին՝ Նանուշյանն ասաց, որ այդ հերթերը, հավանաբար, պայմանավորված են այն հանգամանքով, որ մարդկանց մոտ տարիներով կուտակված առողջական խնդիրներ են եղել, և նրանք փորձում են համակարգի գործարկման հենց սկզբից լուծել այդ խնդիրները։«Շնորհակալ եմ իրազեկման արշավ իրականացնելու առաջարկի համար։ Այո, մենք կշարունակենք իրազեկումը հենց այդ ուղղությամբ, որովհետև ապատեղեկատվությունը բավականին նեգատիվ ազդեցություն է ունենում ընդհանուր համակարգի տրամադրության ու վստահության վրա»,- եզրափակեց նախարարի տեղակալը։