Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա. Նանուշյան
07-04-2026 15:36:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com «Բոլոր հաշվարկներում մենք հաշվի ենք առել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացված ցուցանիշներ, այսինքն՝ բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան ըստ հաշվարկների՝ հիմնվելով իրենց ծանրաբեռնվածության և այն որակի վրա, որ կիրականացնեն: Դա է պատճառը, որ բազմաթիվ բուժաշխատողներ վերջին երեք ամիսների ընթացքում գրանցել են աշխատավարձերի բարձրացում»:
Այս մասին «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ որոշ բուժաշխատողների աշխատավարձերը չեն բարձրացել ծանրաբեռնվածությանը զուգահեռ:
«Մենք շրջաբերական ենք պատրաստում, որպեսզի ավելի մանրամասն հասկանանք, չնայած այս երեք ամիսներին անընդհատ կապի մեջ ենք եղել բուժաշխատողների և բժշկական հիմնարկների հետ, թե ինչպես է պատահել»,- ասել է Նանուշյանը՝ հայտնելով, որ եղել են նաև թերի մուտքագրումներ, և դա է եղել պատճառը, որ աշխատավարձի բարձրացում որոշ դեպքերում չի նկատվել:
Ինչ վերաբերում է պատգամավորի հնչեցված մտահոգությանը, փոխնախարարն ասել է, որ համար տարօրինակ է, թե ինչպես է նա հաջողացրել «ընտրանքային եղանակով» մտնել այնպիսի սենյակներ, որտեղ աշխատավարձերի նվազեցում է գրանցվել:
«Ես զարմացած եմ, որովհետև մենք էլ ենք բազմաթիվ սենյակներ մտնում, և բոլոր սենյակներում, բացի պոլիկլինիկաներում մեկ-երկու մասնագիտական կաբինետից, բոլորի մոտ գրանցվել է աշխատավարձի բարձրացում: Շատ զարմանալի է, թե ոնց հենց այդ երկուսը մտաք, մյուս սենյակները չմտաք կամ, օրինակ, քաղաքացիների հետ չխոսեցիք»,- հարց է ուղղել Նանուշյանը: