Ռուսաստա՞նն է Իրանի դաշնակիցը, թե՞ Թուրքիան


 

Ռուսաստա՞նն է Իրանի դաշնակիցը, թե՞ Թուրքիան

  • 08-04-2026 18:45:08   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Հայրենական քաղաքագետը, որ ակնհայտ ընդդիմադիր հայացքներ ունի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նշանակությունը ձևակերպել է այնպես, որ Հայաստանը կամ կվերադառնա Ռուսաստան-Չինաստան-Իրան անվտանգային համակարգին, կամ մաս կկազմի Թուրքիա-Իսրայել-Արեւմուտք ճամբարին, և «պատերազմը կդառնա անխուսափելի»: Որքանո՞վ է այս ընկալումը բխում աշխարհաքաղաքական առկա իրողություններից և կանխատեսելի հեռանկարից:
 
Եթե ընդունենք, որ անվտանգային այս կամ այն համակարգի գոյությունը կամ ենթադրյալ ձևավորումը մեծամասամբ պայմանավորված է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի ավարտով եւ գլոբալ ստատուս-քվոյի հաստատմամբ, ապա, թերեւս, պետք է նշանային գնահատել նախօրեին կողմերի միջև երկշաբաթյա հրադադարի մասին պայմանավորվածության վերաբերյալ տարածաշրջանային հիմնական դերակատարների՝ Ռուսաստանի և Թուրքիայի, արձագանքը:
 
Թուրքիան այդ առթիվ հանդես է եկել արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ: Ողջունելով կողմերի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը և հույս հայտնելով, որ այն ամենուր և ամբողջ ծավալով կպահպանվի, պաշտոնական Անկարան սահմանում է. «Խաղաղության ճանապարհը հնարավոր է միայն երկխոսության, դիվանագիտության և փոխադարձ վստահության միջոցով» և հավաստիացնում, որ Թուրքիան «կշարունակի հնարավոր ամբողջ աջակցությունը ցուցաբերել, որպեսզի Իսլամաբադում կայանալիք բանակցությունները ավարտվեն հաջողությամբ»:
 
Ռուսաստանի ԱԳՆ-ն կամ նախագահի աշխատակազմը իրանա-ամերիկյան հրադադարի և բանակցություններ սկսելու պայմանավորվածության առթիվ առայժմ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել: Միակ արձագանքի հեղինակը Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն է: Ընդ որում, նա բավարարվել է թելեգրամյան հետեւյալ գրառումով. «Ինքնին փաստը, որ Թրամփը համաձայնել է քննարկել տասը կետից ծրագիրը, իրանցիների հաջողությունն է: Հարցն այն է, թե Վաշինգտոնը դա կընդունի՞: Չէ՞ որ այնտեղ կա և փոխհատուցում, և միջուկային ծրագրի շարունակում, և Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի հսկողություն»:
 
Մեդվեդևի գնահատականը փորձագիտական առումով կարելի է ավելի սթափ համարել: Բայց նա ՌԴ բարձրագույն իշխանության ներկայացուցիչ է և փաստացի կասկածում է իրանա-ամերիկյան բանակցությունների հաջողությանը: Ինչո՞ւ: Որովհետև այն կարող է ուկրաինական կարգավորման համար նախադեպային լինել: Ստացվում է, որ քաղաքական աջակցության տեսակետից այսօր Իրանի համար Թուրքիան ավելի դաշնակից երկիր է, քան՝ Ռուսաստանը:
 
Եվ այդ՝ Թուրքիա-Պակիստան-Չինաստան-Իրան, դասավորությունը, բնականաբար, հետկոնֆլինկտային շրջանում կարող է ինստիտուցիոնալացվել: Այնպես որ, Հայաստանի անվտանգային ընտրության մասին հայրենական քաղաքագետի միանշանակ սահմանումը, մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չէ: Մանավանդ որ թուրք-իսրայելական լարվածությունը արդեն իսկ բացահայտված իրողություն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը