ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Պրահայում անցկացված միջազգային համաժողովին


 

ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Պրահայում անցկացված միջազգային համաժողովին

  • 10-04-2026 19:19:23   | Չեխիա  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը մասնակցել են ապրիլի 8-9-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում տեղի ունեցած «Խորհրդարանական վերահսկողության եւ օրինաստեղծ գործունեության հզորացում. մարտահրավերներ եւ հնարավորություններ Արեւմտյան Բալկաններում եւ Արեւելյան գործընկերության երկրներում» խորագրով տարածաշրջանային համաժողովին:
 
Համաժողովի առաջին օրը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով խորհրդարանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներին՝ ապացույցների վրա հիմնված օրինաստեղծ գործունեության ապահովման համատեքստում:
 
Ելույթում Դավիթ Առաքելյանն ընդգծել է օրենսդրական գործընթացների բարձր ծավալների պայմաններում արդյունավետ վերլուծական ապահովման, որակյալ տվյալների հասանելիության եւ ազդեցության գնահատման գործիքների կիրառման կարեւորությունը:
 
Համաժողովի երկրորդ օրն աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը մասնակցել է պանելային քննարկմանը՝ ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձն ապացույցների վրա հիմնված օրինաստեղծ գործընթացի խթանման ուղղությամբ: Նա անդրադարձել է օրենսդրական ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, խորհրդարանական աշխատակազմի վերլուծական կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ օրենսդրական գործընթացում ապացույցների համակարգված կիրառման անհրաժեշտությանը:
 
Քննարկվել են նաեւ օրենսդրական գործընթացների պլանավորման, ազդեցության գնահատման, արագացված ընթացակարգերի կիրառման, ինչպես նաեւ հետօրենսդրական մշտադիտարկման (ex post evaluation) հետ կապված մի շարք հարցեր:
 
Տարածաշրջանային համաժողովը կարեւոր հարթակ է մասնակից երկրների միջեւ փորձի փոխանակման, համագործակցության խորացման եւ ապացույցների վրա հիմնված օրինաստեղծ գործունեության զարգացմանն ուղղված մոտեցումների ձեւավորման համար:
 
Այն կազմակերպվել է OECD SIGMA ծրագրի կողմից (Եվրոպական միություն, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն, Տարածաշրջանային հանրային կառավարման դպրոց) եւ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի աջակցությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն