ՀՀ կառավարությունը վավերացրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
30-04-2026 12:32:25 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՀՀ կառավարությունը վավերացրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։
Կառավարության նախագծի համաձայն՝ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով պետք է դիմել Հայաստանի Սահմանադրական դատարան:
ՍԴ-ի կողմից կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
««Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2026թ. հունվարի 22-ին: Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել է 2026թ. հունվարի 16-ին, իսկ հետևյալ պետությունները՝ 2026թ. հունվարի 22-ին՝ Արգենտինայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բահրեյնի Թագավորություն, Հունգարիա, Ինդոնեզիայի Հանրապետություն, Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, Ղազախստանի Հանրապետություն, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկոյի Թագավորություն, Պակիստանի Իսլամական Հանրապետություն, Պարագվայի Հանրապետություն, Կատարի Պետություն, Սաուդյան Արաբիայի Թագավարություն, Թուրքիայի Հանրապետություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստանի Հանրապետություն:
«Խաղաղության խորհուրդը» միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում: «Խաղաղության խորհուրդը» ստանձնում է խաղաղության հաստատման այդ գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և Կանոնադրությամբ սահմանված կարգով:
«Խաղաղության խորհրդի» կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություն համաձայնում է, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունով առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով»։