Ի՞նչն էր խանգարում նախկինում. Զախարովան` Հայաստանի խոստման մասին


 

Ի՞նչն էր խանգարում նախկինում. Զախարովան` Հայաստանի խոստման մասին

  • 04-06-2026 14:47:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հարցադրում է անում` իսկ ի՞նչն էր խանգարում հայկական կողմին այդ ամենն ընտրություններից առաջ անել։
 
Ռուս-հայկական հարաբերություններն իրավիճակային չեն, և Մոսկվան դրանք չի կապում Հայաստանի ընտրական գործընթացների հետ։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այն դիտարկմանը, որ Երևանից հավաստիացումներ են հնչում, թե հունիսի 7-ի ընտրություններից հետո Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կրկին կկարգավորվի, իսկ բոլոր այն դժվարությունները, որոնք առաջացել են ԵԱՏՄ–ի շրջանակում, կլուծվեն։
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ բոլոր հարցերը կլուծվեն հունիսի 7-ից հետո։
 
«Իսկ ի՞նչն էր խանգարում, որ դա արվեր ընտրություններից առաջ կամ դրանց ընթացքում։ Ինչպես ասում են, «ես շատ էի զայրացած, որովհետև հեծանիվ չունեի, իսկ հենց ունեցա, բարիացա»։ Ծիծաղելի է», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պարզապես արձանագրել է Հայաստանին ԵՄ-ի և Հյուսիսատլանտյան կառույցների կողմ ուժով ձգելու գործընթացի կտրուկ ակտիվացում
 
Զախարովան ընդգծել է, որ դրա համար հիմք են դարձել ՀՀ բարձրագույն ղեկավարության համապատասխան հայտարարությունները, Բրյուսելից եկող որոշակի ոգևորող ազդակները, տպավորիչ քաղաքական եվրադեսանտը, որը մայիսի սկզբին ժամանել է Հայաստանի մայրաքաղաք։ Միևնույն ժամանակ մայիսի 5-ին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագիրը ուղղակիորեն ողջունում է Երևանի եվրաձգտումները։
 
«Այս ամենից հետո, ի դեպ, ռուսական կողմի, ինչպես նաև շատ հայ քաղաքացիների և ԵՄ այլ գործընկերների մոտ օրինական հարցեր են առաջացել, թե ուր է ի վերջո շարժվում Հայաստանը։ Ոչ թե երկիրն ինքը, այլ թե ուր են նրան փորձում տանել նրանք, ովքեր զբաղվում են դրանով», – ասել է Զախարովան։
 
Միևնույն ժամանակ հարց է առաջանում` ինչպե՞ս է Հայաստանը մտադիր այդ դեպքում կատարել իր պարտավորությունները այն կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամակցում է։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան լսել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ բառային էկվիլիբրիստիկան, թե իբր ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից, բայց այստեղ կարծես թե չի հաջողվել գտնել որևէ ձևակերպում. ԵԱՏՄ-ն Հայաստանից որևէ տեղ դուրս չի եկել։
 
ԶԼՄ–ներից և տնտեսական օպերատորներից, որոնք փորձել են պարզել` ինչ անեն, ինչպես կառուցեն ապագան, Մոսկվան գործընկերային ձևով վերահասցեագրել է հայկական կողմին։ Սակայն մինչ օրս որևէ հստակ պատասխան չեն ստացել։
 
«ՀՀ ղեկավարության մոտեցումը, ըստ որի՝ Երևանն ըստ էության մտադիր է երկու աթոռի վրա նստել, ոչ մեկին հարմար չէ։ Եվ առավել ևս մենք մտադիր չենք վճարել դեպի ԵՄ տանող ճանապարհը։ Այդ միությունը բացահայտ թշնամական գիծ է տանում ինչպես մեր, այնպես էլ այլ երկրների նկատմամբ և աջակցում է Կիևի ահաբեկիչներին։ Ոչ միայն աջակցում է, այլև ֆինանսավորում», – ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը տվյալ պարագայում չպետք է ձեռքերը ծալած նստի և չարտահայտի իր դիրքորոշումը։
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ բոլոր նրանք, ովքեր սկսել են այս խառնաշփոթը, ստիպված կլինեն կողմնորոշվել, իսկ ընտրարշավն այստեղ բոլորովին որևէ կապ չունի։
 
Հիշեցնենք` ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հունիսի 3-ին հայտարարել է, որ Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի դուրս գալը ճգնաժամից, որը կհետևի ԵՄ-ի հետ Երևանի կապերի ընդլայնման գործընթացին։
Հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
 
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
 
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
 
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը