Հախուռն՝ ինչպես գետը ելման


 

Հախուռն՝ ինչպես գետը ելման

  • 05-06-2026 15:53:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Երբեք Հայոց համազգային շարժման համակիրը չեմ եղել, թեպետ այդ կուսակցության վերին էշելոնում իմ ընկերներն էին: Ինչո՞ւ: Քանի որ «Ղարաբաղ» կոմիտեն, ապա կուսակցություն դարձած ՀՀՇ-ն, Արցախում երբեք չի սատարել շարժման իրական առաջնորդներին, որոնց իսկապես վստահում էր Արցախի ժողովուրդը։ Ղարաբաղյան շարժման Հայաստանի առաջնորդները Արցախում վստահում էին միայն Ռոբերտ Քոչարյանին ու նրա «Միացում» խմբին, որոնց մարզի տեղական և ԽՍՀՄ ԳԽ ընտրություններին մերժեց Արցախի ժողովուրդը։
 
Երբեք Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին չեմ քվեարկել. մեր սերնդի մտավորականության պահանջների սանդղակը աննախադեպ բարձր էր նախագահի թեկնածուից: Չէինք ենթադրում, որ այդ չափորոշը կնահանջի այնքան, որ մի օր կանգ կառնի զրոյական հարթությունում:
 
Այդ չարիքն, ավաղ, արդեն կատարվել է ՀՀՇ-ի ղեկավարության կույր ու անհեռատես քաղաքական ընտրության՝ Ղարաբաղից Երևան հրավիրված, կեղծ փաստաթղթերով ու կեղծված ընտրություններով նախագահներ հռչակված Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անմիտ նշանակումների հետևանքով։
 
Չարքերի կառավարման դաժան ժամանակների մասին անվերջ գրել եմ՝ դեռ 1989-ից, ու գրելու եմ, քանի դրա կարիքը կա։
 
Գրել եմ նրանց իշխանության տարիներն մեր պետության երեսնամյա անկումի, զարհուրելի տեղատվության, գեղջուկ ու քաղցած, չտես ու չարասեր արքաների անսանձ թալանի, կրքոտ զեխության, երկիրը հյուսիսի բորենիներին մատաղ արած այդ երկու խորշակի դեմ։
 
-Այն ժամանակ մեր նպատակներն ուրիշ էին,- իմ հարցին, թե ինչու Ղարաբաղում կոմիտեն համագործակցեց ոչ թե մարզի առողջ ընդդիմության, այլ Ռոբերտ Քոչարյանի հետ, պատասխանեց «Ղարաբաղ» կոմիտեի գաղափարապետ Վազգեն Մանուկյանը։ Թե ինչ ուրիշ նպատակներ ուներ Ղարաբաղի հարցով միլիոնավոր մարդկանց փողոց հանած «Ղարաբաղ» կոմիտեն, դժվար չէ գուշակել։
 
Եվ որպես այդ տարիներին այդ անցքերին ու կուլիսային խմորումներին հետևած լրագրող, վստահ եմ․ չլինեին ՀՀՇ-ն ու Արցախում նրանց հենարան Ռոբերտ Քոչարյանը, Վոլսկու ծրագիրը (տես «Խաչվածին մահ չկա» գրքիս 189-190 էջերը) անարյուն լուծելու էր Արցախի հարցը։
 
Ավաղ, դա տեղի չունեցավ, և նորանկախ իշխանությունների կառավարումը ուղեկցվեց դաժան ու արյունալի պատերազմով։ Պատերազմն ավարտվեց։
 
Բայց չավարտվեցին իմ տագնապների, հույզերի, մեր երկիրը դեպի անդունդը հրող անմխիթար օրերի պատմությունը, մինչև 2020-ի դառն ու դառնագին պարտություն։ Շատ եմ գրել այդ պարտության խորքային պատճառների, հայի փոքրիկ ու չնչին տեսակի մասին է, ով հերոսներով զարդարված մեր երկրի չսպիացած մարմինը նետեց այդ քաղցած ու չտես ոհմակին ի կեր՝ հայկական անտարբերականության գարշելի մթնոլորտի մեջ։
 
Չէ որ ՀՀՇ-ի կեղծած փաստաթղթերով ու թնդանոթների օգնությամբ իշխանություն զավթած երկու գավառական նախագահները միայնակ չեն հոշոտել մեր երկիրը։ Նրանց տխուր ծառայություն են մատուցել ու այժմ էլ մատուցում են իրենց մորթ ու ոսկորի գոլ խխունջի մեջ ծվարած, փորապաշտ տեղացիների նեղ ու անշունչ մի շրջանակ, ծերունական ախտով տառապող մի կուսակցություն, սոված, թույլ ու անպատկառ տեղացի ելուզակներ, ոսկու փայլից շլացած, իմաստազուրկ դեմքով ու սպունգի ուղեղով թանձրամիտ քիրվաներ։
 
Ուր լեշ կա, այնտեղ են հավաքվում ագռավները։ Ճշմարիտ է ասված։
Եվ ավելին։
 
1999-ի հոկտեմբերի 27-ին համազգային մեր միասնության արգավանդ հողի մեջ նետված պետական անհավատարմության թարախակալ որոմը այլասերեց արյունով ցանած մեր երկրի վաղվա հունձքը: Խորացավ, գնաց այնքան, որ սպառնում է արմատից հատել Երկրի արարչական Ոգու Սկզբնական սաղմը: Թալանվեց ու բռնաբարվեց հաղթանակած երկրի շքեղ ու զրնգուն Ոգին, պղծվեց խոսքով պսակված Հերոսի կերպարը։
 
Քինոտ ժպիտը երեսին ծուռբերան Դարեհը, արյունով ու մահերով իշխանություն նվաճելով, մարդկային իր փոքրության ու քաղցած երախի անգիտակցական ձգտումով, մխրճեց իր սև թաթերրը մեր հայրենիքի հոշոտված մարմնի մեջ, մոլեգին անկշտությամբ ծծեց երկրի ավիշը։ Ու դեռ չհագեցած, «թագի համար մարմաջող այս փառամոլը» (Արկադի Վոլսկու գնահատականն է Ռոբերտ Քոչարյանին), երկրի հարստությունն ու ռազմավարական անվտանգության կարևորագույն բոլոր ենթակառուցվածքները լցրեց Ռուսաստանի անտակ երախը, իսկ աթոռը թնդանոթներով հանձնեց հաջորդ ելուզակին։
 
Իրար հաջորդած երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը, Հայաստանի ու բանակի հաշվին իրենց գույքը բարբարոս քենով բազմապատկեցին այն չափի, որ միտքն անգամ ցնորվում է ծավալվել։ Բանակը մաս մաս թալանվեց, զորքը քայքայվեց, սպառազենը վաճառվեց, աղքատ ու տնանկ զինվորը դարձավ անպիտան հրամանատարների բիրտ ու դաժան ճնշումների անճակատագիր զոհ։
 
Ուրեմն, 2020-ի մեր դառը պարտության «ինչո՞ւ այսպես եղավ» հարցի արմատները նախ փնտրեք այդ իշխանավորների թալանի ու դավաճանության մանրամասների մեջ, որն այսօր դարձել է իրավապահ մարմիների քննության առարկա։
 
44-օրյա պատերազմի անսպասելի վախճանն ու տարածքների կորուստներըը պատռեցին այլևս մեր բանակի անպարտելիութան 20-ամյա առասպելը։
 
Նախատինքի աթոռին, սակայն, պարտություն կրած, բայց պատերազմից հետո մաքուր ընտրություններում Չարքերի իշխանությանը հաղթած, ժողովրդի վստահության քվեն վերստին ստացած երկրի ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Չեմ առարկում, շատ են նրա մեղքերը։ Սակայն դատաստանի արդարությունը չի խնայելու ոչ մեկիս։ Մեկ անձը միայնակ չի կարող հաղթել կամ պարտվել հսկաների դեմ պատերազմում։ Ուրեմն պարտվել ենք ազգովի, ամեն մեկս առանձին, քանի որ գրեթե երեսուն տարվա մեջ ամենքս մի քար գողացանք հաղթանակած երկրի շքեղ հաղթակամարից։
 
Ու մեր մեղքերից հյուսված օդե ապարանքը քարավեժ եղավ, դատարկ ու անարժեք դարձան հին հաղթանակների մեծ իդեալները։
 
Ինչո՞ւ։
 
Քանի որ այլասերումից չպաշտպանեցինք հայրենական խաչբուռի օրհնված նախընծան՝ մեր վաղվա հունձքի ոսկեհատ ծիլը:
 
Քանի որ մոռացության լայն գերեզմանը դրեցինք Հայոց պետության խորհրդատան մառ գորգին թափված անմեղի արյունը:
 
Քանի որ մեր եկեղեցին զիջեց իր պայծառությունը չնչին իշխաններին ու անցավոր հարստություն կողոպտելու դառնաղետ նահանջն է առաջնորդում (խավարս, մեղա՜):
 
Ծա՜նր են մեր մեղքերը:
 
Եվ հողն այլևս ուժ չունի:
 
Մենք պետք է փոխենք մեր երգի չափն ու մեր ավերված դաշտերի արծաթ ակոսները լցնենք Ազգի Ոգով հաղորդված Արության սերմով: Մեր լուսապայծառ արգանդի գեհենական ցավերից դուրս ելած տղամարդիկ, ում շնորհել ենք Ցեղի արության հողաբույր Սերմը, մեր Տունն ու Պատիվը, պետք է ամաչեն սեփական անկողնու ետնախորշերում «մեծ եղբոր» խումհարի գաղջ գոլը շնչելու որձ քածին վայել կարգավիճակից:
 
Որ թշնամի երկրում չոր հաց փնտրող հայ մայրերը փակ մնան խորդ արյունի առաջ:
 
Որ հավիտյան չմարի մեր անտղամարդ օջախը:
 
Մենք պետք է դիմադրենք կյանքի այս հարվածին ևս ու թույլ չտանք, որ հյուսիսից ներմուծված լիրբ օտարը արյունոտ ձեռքերով վարդեր բաժանի մեր երկրում: Բաց անենք մեր սրտի աչքը, վանենք մեզանից հին քեների մերժելի ախտերը ու վերընծայենք մեր ոգուն ռազմիկ նկարագիրը, որ ունեինք 1988-ին: Եվ որպես գարնանը ելման ջրերն են անգիտակից հորդանում, որպես կայծակն է անձրևաթափից առաջ հրատեսիլ շողշողում, մեր խելահեղ կամքի շռնդալից հեղեղը ուղղենք Գաղափարի, Սիրո ու Հայկականության Մեծ իդեալի աղբատարած հունը գալիք բոլոր գարունների համար մաքրազարդելու սրբազան գործին:
 
Մեծ ըմբոստությունից երեսունհհինգ տարի անց։
 
Մենք պետք է այլևս դասեր քաղենք արյուն խարազանով գրված մեր պարտություններից, սովորենք ճիշտ տեղում կանգ առնել ու չգնալ արկածախնդիր, հավիտենական սխալների ճանապարհով։
 
Ինչպես որ եղել է միշտ։
 
Զենք վերցնենք, երբ վստահ ենք, ինչպես դա եղավ 1991-ին։
 
Բանսարկուի ընդվզման խեղումով չըմբոստանանք, ինչպես դա եղավ 1915-ին ու ավա՜ղ, 2020-ի սեպտեմբերին։
 
Զուսպ լինենք մեր ազգակործան կրքերի նենգության մեջ, եթե մեր զավակների արյունը չի արդարացվելու հաղթանակով։ Բացենք մեր աչքերը մեր «ոխերիմ բարեկամ դաշնակիցների» առաջ՝ փակ պահենք սակայն, մեր սիրտն ու հավատը առերևույթ սիրով ու խորամանկությամբ, ինչպես իրենք են անում։
 
Թեկուզ կորուստների, անգամ ցավալի զիջումների գնով, մենք պետք է խաղաղության անվերջանալի դաշնագրության հիմքը դնենք հարևանների հետ, այլապես եղածն էլ կկորցնենք։ Դատարկ ու անարժեք են ազգայնական կոչերը՝ մեկ զինվորի շիրիմի առաջ։ Երկրին ապրել է պետք, որ եղած հողը տեր ունենա։ Որքան էլ ծանր է, բայց մենք պետք է անենք դա՝ չմոռանալով խաղաղությամբ ցեղասպանության հետապնդումն ու Արցախի գերխնդիրը, որի համար երեսուն տարի առաջ փողոց դուրս եկանք։
 
Բավական է թևերս պարզեմ ու կգրկեմ բազմաբյուր ամբոխի սիրելի դեմքերը 1988-ի ծովածավալ միտինգների հրապարակում, երբ դեռ մաքուր էինք, միամիտ ու անխաբ։ Հավատում էինք մեր արդար երազանքին ու չէինք հավատում գերեզմանի պաղությանը։ Երկրի անհայտ անկյուններից այստեղ հասած միլիոնանոց միտինգում արդեն կային ծպտված դաշնակցականներ, իշխանամետ ռամկավարներ, հին ու նոր անկախականներ, ցեղակրոն ու հնչակ։ Լիքը կոմունիստներ։ Պետական անճանաչ և օրենքով գողեր, բթամիտ չարչիներ, խորհրդային ոստիկանի համազգեստով կարգին հայեր։ Իրենց շան բախտին քար նետող թալանչի զույգ իշխանավորները նույնպես։
 
Ու միասին էինք։ Միսիրտուհոգի։ Միգաղափար։
 
Օրվա պատգամը սերն էր, ու մենք միասին «ՄԻԱՑՈՒՄ» էինք վանկարկում։
 
Եվ ես, անուղղելի լավատեսն ու ուղղափառ հավատավորն իմ ժողովրդի, անկեղծորեն վստահ եմ, որ դեռ կարող ենք ժամանակի աղետալի հոսանքից ազատել մեր ազնվական արյունը: Որ դառը պարտությունից ու ծանր զոհերից հետո էլ մեր ցաված հոգիներում վերստին ժայթքելու է ոգեղեն միասնականության տիեզերական զգացումների այն հզոր մակընթացությունը, որ ունեինք 2018-ի Թավշյա Մեծ հեղափոխության շքեղ օրերին։
 
Որ հերոսների արյունով, մեր լուսեղեն զոհերի հիշատակներով վերածնված մեր երկիրը, հայրենական ոգու անմար կրակներով, սիրո ու խոստովանության կենաց պատգամով, իբրև անգին մի գանձ, վերագտնելու է համազգային Միության ու Ազգային ամբողջականության ջինջ շուշանի մաքրահյուս թելը:
 
Մենք դա կարող ենք անել:
 
Մենք դա պետք է անենք:
 
Որ դրոշը մեր լաթ չդարձնեն:
 
Ու Գահը սրբոց՝ հացի կուռքերի երախին նետած ընդաքարշ դիակ:
 
Շուշան Ղազարյան, Երևան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը