Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
05-06-2026 16:18:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ապրիլի 17-ին Վենետիկում՝ Դորսոդուրո N2266 հասցեում գտնվող տանը, որտեղ ապրել է մեծ գրողը, բացվել է վարպետին նվիրված հուշատախտակ, որի վրա պատկերված են Ռիալտոյի կամրջի էսքիզը և Իսահակյանի սիրելի ճարտարապետական կառույցից՝ Երերույքի տաճարից զարդանախշ։
Հուշատախտակը բացվել է ԿԳՄՍ, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարությունների ջանքերով՝ Վենետիկի հյուպատոսարանի աջակցությամբ և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի կազմակերպմամբ։
Այժմ արդեն Ռիալտոյի կամրջի տեսքով փայտյա քանդակ-նստարան է տեղադրվել նաև Երևանում՝ Վարպետի տանը՝ Իսահակյանի տուն-թանգարանի, Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջի և քանդակագործ Հարութ Եկմալյանի հետ համագործակցությամբ։ Փայտի մշակման և պատրաստման աշխատանքներին մասնակցել են քոլեջի ուսանողները՝ վարպետ-դասախոս Վարդան Հարությունյանի ղեկավարմամբ։
«Փարիզում բնակվող հայտնի քանդակագործ Հարութ Եկմալյանն արդեն իսկ Ռիալտոյի կամրջի պատկերով հրաշալի ստեղծագործություն էր ներկայացրել, և մենք խնդրեցինք վարպետին, որպեսզի այն տեղափոխվի նաև Երևան: Գաղափարի շուրջ քննարկումների արդյունքում ծնվեց համատեղ նոր նախագիծը: Նստարանի վրա փորագրված է Ավետիք Իսահակյանի հայտնի «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին...» բանաստեղծությունը՝ հայերեն և իտալերեն, Ռիալտոյի կամրջին համադրվում է նաև աղջկա դեմքի քանդակը, որը յուրօրինակ կերպով արտահայտում է բանաստեղծությունը։
Ուսանողների, վարպետների ձեռամբ կյանքի կոչված այս նախաձեռնությունը շատ խորհրդանշական է մեզ համար: Վարպետի տուն եկող այցելուներից շատերը մշտապես հարցնում էին՝ «Իսկ Ռիալտոյի կամուրջից ի՞նչ ունեք»: Հիմա մենք արդեն ունենք Ռիալտոյի կամրջի տեսքով փայտյա քանդակ-նստարան, որտեղ մեր թանգարանի այցելուները կարող են նստել և ընթերցել Վարպետի բանաստեղծությունները, լուսանկարվել՝ վայելելով իսահակյանական ոգով և լիցքերով լեցուն այս գեղեցիկ միջավայրը»,- ներկայացնելով կատարված աշխատանքը՝ նշել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև նախագծի հեղինակ, անվանի քանդակագործ Հարություն Եկմալյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջի տնօրեն Աննա Սաղաթելյանը, Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ընտանիքի անդամները, մտավորականներ, արվեստագետներ։
Միջոցառման ընթացքում ներկաները դիտել են նաև «Իսահակյանը և Վենետիկը» խորագրով տեսանյութը, հնչել են իտալերեն և հայերեն երգեր՝ Իսահակյանի բանաստեղծությունների բառերով: