«Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է


 

«Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

  • 10-06-2026 15:50:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Կեյտերինբուրգ սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում («Զվարթնոց» օդանավակայան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ 
 
«Այսպես, փորձաքննության ներկայացված «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ) և «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կեյտերինբուրգ սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում արտադրվող «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
 
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ»:
 
ՍԱՏՄ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն