Փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում


 

Փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում

  • 11-06-2026 15:16:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առաջարկում է Նավասարդն ամրագրել տոն՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի եւ հայերի միասնության օր: Այն կնշվի  օգոստոսի 11-ին: Օրենսդրական առաջարկի հեղինակ, պատգամավոր Գեղամ Նազարյանը կարծում է, որ այս տոնը ոչ միայն կնպաստի ազգային մշակույթի արժեքների պահպանմանն ու  տարածմանը, այլեւ կարեւոր օր կդառնա սփյուռքահայերի՝ Հայաստան ժամանելու եւ տոնակատարություններին մասնակցելու առումով: Օրը, սակայն, կլինի աշխատանքային:
 
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխություններով հիմնականում պահպանվելու են գոյություն ունեցող տոնական եւ հիշատակի օրերը՝ դրանք բերելով առավել պատշաճ եւ ժամանակագրությունն ու տրամաբանությունը պահպանած կարգի:
 
Հեղինակի մեկ այլ առաջարկ ազգային փոքրամասնություններին վերաբերող տոնական կամ հիշատակի որոշ օրեր ոչ աշխատանքային սահմանելու մասին է:
 
Պատգամավորն առաջարկում է նաեւ ոչ աշխատանքային  օրեր սահմանել կամ այլ լուծում գտնել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոների՝ Սուրբ Ծնունդ եւ Աստվածհայտնություն, Սուրբ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի եւ Խաչվերացին հաջորդող մեռելոց-հիշատակի օրերի դեպքում:
 
Երեւանի օրվա նմանությամբ առաջարկվում է սահմանել նաեւ մարզերի տոնական օրեր՝ հաշվի առնելով նաեւ բնակլիմայական պայմանները: Հեղինակը կարծում է, որ այսպիսի տոները կնպաստեն ներքին զբոսաշրջության զարգացմանը:
 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը: Այն որոշ առաջարկների վերաբերյալ դրական էր: Կառավարության առաջարկները կներկայացվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
 
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը դրական է գնահատել նախագիծը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախաձեռնությանը՝ հետագայում լրամշակելու պայմանով:
 
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն