Ինչպե՞ս են Ռոբերտ Քոչարյանի կադրերը հայտնվել ԶԼՄ–ներում․ Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ


 

Ինչպե՞ս են Ռոբերտ Քոչարյանի կադրերը հայտնվել ԶԼՄ–ներում․ Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ

  • 15-06-2026 15:00:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Պատգամավորը պահանջել է նաև պարզաբանել, թե արդյոք կադրերի արտահոսքի փաստով ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել։
 
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե ինչպես են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հատուկ վերահսկվող տարածքում նկարահանված կադրերը հայտնվել իշխանական ԶԼՄ-ներում։
 
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Կարճ ժամանակ անց իշխանական ԶԼՄ-ներում տարածվեցին համապատասխան կադրերը, որոնք նկարահանված էին «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով։
 
Մանուկյանն իր դիմումում նշել է, որ տեսանկարահանումը հայտնվել է «Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում 23։06-ին», այնուհետև կադրերը տարածվել են նաև այլ ԶԼՄ-ներում։
 
Գեղամ Մանուկյանը մի քանի հարցադրում է ուղղել ԱԱԾ տնօրենին՝ արդյոք այս տեսանկարահանումը փոխանցվե՞լ է այլ կազմակերպության կամ անհատի, և արդյոք այդ տեսանյութի հրապարակման փաստով, որն առնչվում է պետական պահպանության օբյեկտի անվտանգության, տեսանյութում պատկերված անձի անձնական տվյալների գաղտնիության, ԱԱԾ կողմից նախաձեռնվե՞լ է ծառայողական քննություն։
 
Պատգամավորն ընդգծում է՝ իր հարցադրումները հռետորական են, քանի որ, ըստ նրա, հայաստանյան իրավապահ համակարգը վաղուց դարձել է Փաշինյանի իշխանությանը և նրա կամակորություններին սպասարկող անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն։
 
«Ի դեպ, նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ հղում եմ Ազգային անվտանգության ծառայությանը։ Բազում անգամներ Ազգային ժողովում բարձրաձայնել եմ այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով հատուկ
պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանից, տեսագրությունները հայտնվում իշխանական քարոզչամեքենայի ձեռքում»,- նշում է Մանուկյանը։
 
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ–ից, և որ այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված է և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով: Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը