Ակտիվանում է հայ-շվեյցարական համագործակցությունը<br /> ուռուցքաբանության ոլորտում <br />


Ակտիվանում է հայ-շվեյցարական համագործակցությունը
ուռուցքաբանության ոլորտում

  • 12-02-2010 20:54:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը փետրվարի 12-ին ընդունել է Շվեյցարիայի Բազելի համալսարանի ուռուցքաբանության կլինիկայի ղեկավար, Շվեյցարիայի ուռուցքաբանների միության նախագահ, Քաղցկեղի ուսումնասիրման շվեյցարական խմբի փոխնախագահ Ռիչարդ Հերմանի գլխավորած պատվիրակությանը: Բժիշկ-ուռուցքաբանները Հայաստան են ժամանել ուռուցքաբանության ոլորտի բարելավմանն աջակցելու առաքելությամբ: Ինչպես նշված է ՀՀ Առողջապահության նախարարության Մամլո ծառայության հաղորդագրությունում, ուռուցքաբանության ոլորտում հայ-շվեյցարական համագործակցության ակտիվացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2009թ.-ին հոկտեմբերին Հ.Քուշկյանի Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում: : Հյուրերը նախարարին են ներկայացրել համագործակցության նախնական ծրագիրը, ըստ որի նախատեսում են «Նաիրի» ԲԿ-ի բազայի հիման վրա ստեղծել «Հայ-շվեյցարական ուռուցքաբանության կենտրոն»: Բազելի համալսարանի մասնագետները նշել են, որ ծրագրի շրջանակներում երիտասարդ հայ ուռուցքաբանները վերապատրաստում կանցնեն Շվեյցարիայում, գիտական սեմինարներ եւ վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանում, կիրականացվեն բուժկանխարգելիչ միջոցառումներ` շվեյցարացի մասնագետների մասնակցությամբ եւ ինտերնետի միջոցով խորհրդատվությամբ: Ռ.Հերմանը կարեւորել է նաեւ Հայաստանի ուռուցքաբանական այլ կենտրոնների հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը եւ տեղեկատվության տրամադրումը: Հ.Քուշկյանը հավանություն է տվել համագործակցության ծրագրին եւ առաջարկել գնահատել ուռուցքաբանության ծառայության ներկա իրավիճակը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնելու աջակցության շրջանակները:
Նոյյան տապան  -   Հասարակություն