Կարեն Անդրեասյան. «Քաղաքական գործիչները պետք է առավել հանդուրժող վերաբերմունք ունենան մամուլի քննադատության նկատմամբ»
01-04-2011 16:30:22 | Հայաստան | Իրավունք
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ուղերձով դիմել է հանրապետության դատավորներին։ Ուղերձում ասված է.
«2010թ. մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ապաքրեականացվեցին վիրավորանքի եւ զրպարտության հանցակազմերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվեցին վիրավորանքի կամ զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները: Այս փոփոխությունների գաղափարը ողջունել է ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դ. Միյատովիչը եւ գնահատել է այն որպես խնդրի լուծման օրինակելի տարբերակ, ինչի մասին նշվել է նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համարբերգի զեկույցում:
Այնուամենայնիվ, անձի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանությանն առնչվող դրույթների սահմանման նպատակային նշանակության տեսանկյունից մենք պետք է առավել կարեւորենք դրանց հստակ մեկնաբանությունն ու պատշաճ կիրառումը: Ուստի, կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից բխող որոշ սկզբունքային մոտեցումներ, որոնք անհրաժեշտ է կիրառել Հայաստանի դատական պրակտիկայում:
«Քաղաքական գործիչները պետք է առավել հանդուրժող վերաբերմունք ունենան մամուլի քննադատության նկատմամբ: Քննադատության թույլատրելի շրջանակները քաղաքական գործիչների դեպքում շատ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ քննադատության շրջանակները», «Արտահայտվելու ազատության իրավունքի չարաշահման դեպքերում դատարանի կողմից սահմանվող փոխհատուցումը պետք է համաչափ լինի անձի հեղինակությանը հասցված վնասին»,
«Պաշտպանված պետք է լինի ոչ միայն այն տեղեկատվությունը կամ գաղափարը, որն ընդունվում է բարեխղճությամբ կամ համարվում է անվտանգ եւ չեզոք, այլ նաեւ այն, որը վիրավորում է, պատճառում է ցնցում կամ անհանգստություն», «Լրագրողական ազատությունը լրագրողին թույլ է տալիս նաեւ դիմել որոշակի չափազանցության եւ նույնիսկ` սադրանքների», «Պաշտպանվում է ոչ միայն գաղափարի ու տեղեկատվության բովանդակությունը, այլ նաեւ այն ձեւը, որով այն ներկայացվել է»,
«Ի տարբերություն փաստական տվյալների` անընդունելի է լրագրողից պահանջել ապացուցել իր հրապարակած կարծիքների, գնահատող դատողությունների եւ մեկնաբանությունների ճշմարտացիությունն ու հավաստիությունը»,
«Արտահայտվելու ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այլոց հեղինակության կամ իրավունքների, հասարակական շահի, արդարադատության հեղինակության ու անաչառության պաշտպանության նպատակներով, որոնք, սակայն, պետք է ենթարկվեն խիստ սահմանափակ մեկնաբանության», «Ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն ժողովրդավարական հասարակության եւ յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է» եւ այլն:
Ելնելով այս սկզբունքների պահպանման եւ միաժամանակ լրագրողների մասնագիտական էթիկայի ապահովման անհրաժեշտությունից, ավելի եմ արժեւորում լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների ստեղծումն ու լրագրողական վարքագծի կանոնագրքերի մշակումը:
2007թ-ից «Երեւանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության դիտորդ մարմինը, որն իրականացնում է Վարքականոնի պահպանման դիտարկում, քննարկում է դրա դրույթների խախտման վերաբերյալ դիմում-բողոքները եւ ընդունում համապատասխան եզրակացություններ: Ցանկալի է, որ անձի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանությանն առնչվող վեճերի լուծումը իրականացվի հենց այս մարմնի կողմից` լրագրողական էթիկայի չափանիշներն արդյունավետ իրագործելու, չարաշահումները վերացնելու եւ լրատվամիջոցների անկախությունն ապահովելու նպատակով:
Այդուհանդերձ, եթե անձը նախընտրում է դիմել դատարան, ապա, վստահ եմ, որ Եվրոպական դատարանի նախադեպային նշանակություն ունեցող վերոհիշյալ մեկնաբանությունները եւ սկզբունքները կլինեն Ձեր կողմից ընդունված դատական ակտերի հիմքում»: