ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ<br /> ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ

  • 06-06-2008 22:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Էներգետիկայի ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը նպատակաուղղվելու է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, որը ենթադրում է էներգակիրների ներկրման ուղիների եւ էներգիայի արտադրության ձեւերի ընդլայնում: Ինչպես հունիսի 6-ի ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, կարեւոր խնդիր է համարվում մասնավորապես ՀԱԷԿ-ի հին բլոկի շահագործումից հանելը եւ նորի կառուցումը: Նախարարը հայտնեց, որ սեպտեմբերին կավարտվի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների կողմից ատոմային նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը: Դրանից հետո կորոշվեն հաջորդ քայլերը: Ըստ Ա.Մովսիսյանի, ՀՀ կառավարությունը կունենա իր սեփական մասնաբաժինը նոր ատոմային բլոկում, եւ դրա չափը կախված կլինի այն բանից, թե որքան ներդրում կկատարի: Նախարարը նշեց նաեւ, որ այս տարի ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման նպատակով ԱՄՆ-ի եւ Եվրոմիության կողմից կտրամադրվի մոտ 13 մլն դոլար: Ա.Մովսեսյանը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս հանրապետությունում գործում եի 60 փոքր ՀԷԿ-եր` տարեկան 250 մլն կՎտ/ժամ արտադրությամբ, եւս այդքանն էլ կառուցման համար ստացել են լիցենզիաներ: Նշվեց նաեւ, որ որոշ ընկերություններ մտադրություն ունեն 100 ՄգՎտ հզորությամբ հողմակայաններ կառուցել: Ինչ վերաբերում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը, ապա այն նախատեսվում է շահագործման հանձնել 2014թ.-ին: Տարեկան մոտ 800 մլն կՎտ/ժամ արտադրություն ապահովող այս ՀԷԿ-ի կառուցման համար կպահանջվի 240-250 մլն դոլար: Գումարը, որը կտրամադրի իրանական կողմը, հետագայում կփոխհատուցվի էլէներգիայով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն