ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br /> ՀԱՄԱՀՈՒՆՉ ՉԵՆ,- ԳՏՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱՀՈՒՆՉ ՉԵՆ,- ԳՏՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ

  • 01-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Յուրաքանչյուր երկրի բնակչության զբաղվածության կառուցվածքը կախված է տվյալ երկրի տնտեսական կառուցվածքից, սակայն Հայաստանում զբաղվածության եւ տնտեսական քաղաքականությունները համահունչ չեն: Նման կարծիք մայիսի 1-ի ասուլիսում հայտնեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Ըստ նրա, այն, որ ՀՀ իշխանությունները ձգտում են ստեղծել գիտելիքահենք` ինովացիոն, տնտեսություն, երկրում պետք է բերի զբաղվածության եւ աշխատանքի կառուցվածքի փոփոխության. ինովացիոն տնտեսության զարգացման համար երկրին անհրաժեշտ են համապատասխան մասնագետներ: «Իսկ Հայաստանում գոյություն ունի՞ արդյոք նման մասնագիտություն, կա՞ որեւէ բուհ, որ պատրաստում է 21 դարի տնտեսության կադրեր»,- հարցրեց նա: Է.Աղաջանովի դիտարկմամբ, ներկայումս ամբողջ աշխարհում առկա է գիտելիքների հնացման խնդիր: «Աշխարհը սրընթաց զարգանում է եւ դրան զուգահեռ հնանում են գիտելիքները»,- ասաց նա: Ըստ տնտեսագետի, այդ առումով 45-55 տարեկանների համար շատ դժվար է լինում աշխատանք գտնելը: Նրա գնահատմամբ, խնդրի ամենահաջողակ լուծումը տրվել է ԱՄՆ-ում, ուր ներդրված է հետբուհական կրթության համակարգ, ինչը հնարավորություն է տալիս նշված տարիքային խմբի մարդկանց «թարմացնել իրենց գիտելիքները»: Իսկ Հայաստանում, ըստ Է.Աղաջանովի, այդ ուղղությամբ պետական քաղաքականություն չի իրականացվում: Բացի այդ, ըստ Է.Աղաջանովի, Հայաստանում առկա է աշխատատեղերի եւ աշխատավարձերի լեգալիզացիայի խնդիր: «Մեր երկիրը յուրահատուկ է նաեւ նրանով, որ այստեղ 85 աշխատող պահում է 100 թոշակառուի, եւ դա այն դեպքում, երբ աշխարհի այլ երկրների համեմատ մեզ մոտ արձանագրված է գործազրկության շատ ցածր մակարդակ` 7,1%»,- նշեց տնտեսագետը, հավելելով, որ խնդիրը թաքնված աշխատավարձի եւ աշխատողների մեջ է: Նա նաեւ նշեց, որ նոր աշխատատեղեր երկրում ստեղծվում են միայն փոքր բիզնեսի միջոցով: Անդրադառնալով մինիմալ սպառողական զամբյուղին, Է.Աղաջանովը նշեց, որ ըստ պաշտոնական վիճակագրության, միջին անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմում է 76,992 դրամ (մոտ 250 ԱՄՆ դոլար), որը չի կարող ապահովել մինիմալ սպառողական զամբուղի ծավալը: Այսինքն, ըստ նրա, աշխատող մարդը նույնպես կարող է աղքատ լինել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն