ՀՀ ԿԲ-ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ<br /> ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ԱՅՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՎ 6,5%<br />


ՀՀ ԿԲ-ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ԱՅՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՎ 6,5%

  • 02-04-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի ապրիլի 2-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 0,25%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն սահմանելով 6,5%: Ըստ ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայության, 2008թ.-ի մարտին փետրվարի նկատմամբ արձանագրվել է 1,4% գնաճ, որի հաշվառմամբ 12-ամսյա գնաճը կազմել է 9,6%, ինչը շուրջ 3%-ով բարձր է նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակից: ԿԲ խորհուրդը արձանագրել է, որ համաշխարհային շուկայում ձեւավորված բարձր գնաճային ճնշումներն առաջին եռամսյակում շարունակել են ուժգնանալ` էապես անդրադառնալով պարենային ապրանքների ներքին գների վրա: Միաժամանակ, վերոհիշյալ զարգացումների երկրորդային ազդեցությունները սկսում են դրսեւորվել` հանգեցնելով ոչ պարենային ապրանքների գների եւ ծառայությունների սակագների բարձրացմանը: ԿԲ-ի խորհուրդը այն կարծիքին է, որ առաջիկայում գնաճային ճնշումները պահպանվելու են եւ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը նպատակ ունի մեղմելու գնաճային սպասումները եւ չեզոքացնելու նշված զարգացումների երկրորդային ազդեցությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն