ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՌԱՋԻԿԱ 2 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՈՎԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՑՈՐԵՆՈՎ<br />


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՌԱՋԻԿԱ 2 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՈՎԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՑՈՐԵՆՈՎ

  • 07-03-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը նախաձեռնել է երկու ծրագիր` ուղղված երկիրը հացահատիկով ապահովելուն: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի, դրանցից մեկով նախատեսվում է Հայաստանում սկսել եգիպտացորենի արտադրություն, իսկ երկրորդով ակնկալվում է մոտ ապագայում Հայաստանը լիովին ապահովել սեփական արտադրության ցորենով: Ըստ առաջին ծրագրի, կառավարությունն առաջարկել է Տավուշի եւ Լոռու մարզերումէ կերային եգիպտացորեն մշակել. այն գյուղերին, որոնք 50 եւ ավելի հեկտար եգիպտացորենի ցանքեր կունենան, կտրամադրվեն սուբսիդիաներ: Այդպիսի գյուղերին նաեւ առավելություններ կտրվեն բերքի իրացման հարցում: Առայժմ նախնական պայմանագրեր են նախապատրաստվել 15 հազ. հա-ի համար: Կառավարության մեկ այլ ծրագրով նախատեսվում է կտրուկ ավելացնել ցորենի արտադրության ծավալները Հայաստանում, որպեսզի դիմակայվի ցորենի գների թանկացմանը միջազգային շուկայում: Ըստ Դ.Լոքյանի, ցորենի ներքին պահանջարկը տարեկան առնվազն 450 հազ. տոննա է , ընդ որում 370 հազ. տոննա` հացի համար, մինչդեռ արտադրվում է ընդամենը 180 հազար: Կառավարությունը նախատեսում է խթանել ցորենի արտադրությունը, այնպես որ երկրում ցանվի մինչեւ 150 հազար հեկտար ցորեն եւ մեկ հեկտարի բերքատվությունը կազմի 30 ցենտներ (ներկայումս 25 ցենտներ է): Այս նպատակին հասնելու համար կառավարությունը նախատեսում է ներմուծել լավորակ սերմատեսակներ, ստեղծել այդպիսի սերմերի տեղական արտադրություն եւ սուբսիդիաներ տրամադրել ցորեն արտադրողներին: Բացի այդ, կառավարությունը նախատեսում է տրամադրել բերքը բավական բարձր գներով մթերելու երաշխիքներ: Ըստ նախարարի, ցորենի ինքաբավության հնարավոր է հասնել արդեն 2010 թվականին: Այս տարի, ըստ գյուղնախարարի, պարարտանյութի լրացուցիչ խմբաքանակի փոխանցում կլինի այն գյուղացիական տնտեսություններին, որոնք չէին հասցրել պարարտանյութ ստանալ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն