2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐՎԵԼ ԵՆ 17 036<br /> ՄԻԱՎՈՐ ՀՈՂԵՐ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐՎԵԼ ԵՆ 17 036
ՄԻԱՎՈՐ ՀՈՂԵՐ

  • 17-10-2008 16:34:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին օտարվել են 17 036 միավոր (13495,20 հա) հողեր, այդ թվում 1 069 միավորը` Երեւանում: Այս մասին հոկտեմբերի 17-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Օտարված հողերից 7 029 միավորը գյուղատնտեսական նշանակության հողեր են, 6 409 միավորը` բնակելի կառուցապատման, 3 213-ը` հասարակական կառուցապատման, 223-ը` արդյունաբերական օբյեկտների, 137-ը` առողջարարական նպատակներով եւ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածքի, 22 միավորը` հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված էներգետիկայի օբյեկտների, 3 միավորը` տրանսպորտի օբյեկտների հողեր են: Նույն ժամանակահատվածում օտարված հողերից 15 728 միավորի նկատմամբ իրականացվել են առքուվաճառքի գործարքներ, 1 183-ի նկատմամբ` նվիրատվության, 125 միավորի` փոխանակության գործարքներ: Մ.Վարդանյանը նշեց, որ հանրապետությունում 2008թ.-ի առաջին 9-ը ամիսներին 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հողերի առքուվաճառքի գործարքների թիվը նվազել է 3,7%-ով: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առքուվաճառքի գործարքների թիվը նվազել է 9,1%-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ` նվազել է 0,1%-ով, իսկ արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ` 19,7%-ով աճել: Հողերի առքուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում` 5558,93 հա, որից 5463,81 հա-ն գյուղատնտեսական նշանակության են: Հանրապետությունում 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ հողերի աճուրդով վաճառքի գործարքների թիվը 1,4%-ով նվազել է: Ընդ որում, Երեւանում նվազել է 25,6%-ով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 0,9%-ով: Գյուղատնտեսական նշանակության հողերի աճուրդով վաճառքի գործարքների թիվը նվազել է 21,5%-ով, իսկ բնակելի կառուցապաման (տնամերձ), հասարակական կառուցապատման եւ արդյունաբերական օբյեկտների հողերինը աճել, համապատասխանաբար, 26,1%-ով , 3,1%-ով եւ 44,2%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն