ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նաթելլա Լալաբեկյանը
ինքնատիպ բանաստեղծուհի է, եւ նրա պոեզիան լի է իմաստնությամբ եւ
զգացմունքայնությամբ: Այս մասին նշեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը
ամերիկաբնակ բանաստեղծուհու «Բազմակետեր» ժողովածուի շնորհանդեսին,
որը կայացավ հոկտեմբերի 10-ին Հայաստանի Գրողների միությունում
(ՀԳՄ): Շնորհանդեսին մասնակցում էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
Վախթանգ Կիկաբիձեն, Կոնստանտին Օրբելյանը, ՀՀ առողջապահության եւ
մշակույթի նախարարները, ինչպես նաեւ պաշտոնատար այլ անձինք,
արվեստագետներ:
Կ.Խոդիկյանի խոսքերով, թեեւ բանաստեղծուհին ապրում է Լոս
Անջելեսում, սակայն ամեն ինչ անում է, որպեսզի իր յուրաքանչյուր
գրքի ծնունդը նշվի Հայաստանում: Դա վկայում է այն մասին, որ նա
արմատներով իսկապես կապված է հայրենիքի հետ:
Բանաստեղծուհու նախորդ գրքի հրատարակումից անցել է 6 տարի, եւ
այս տարիները, ՀԳՄ-ի նախագահ Լեւոն Անանյանի գնահատմամբ,
Ն.Լալաբեկյանի համար եղել են պոետական հասունության տարիներ: Դրա
վկայությունը, ըստ նրա, «Բազմակետ» ժողովածուն է: «Այս հակասական
դարաշրջանում Ն.Լալաբեկյանը փնտրված գրող է: Նրա պոեզիան շատ
կանացի է, լի սիրով ու ջերմությամբ: Պոետական բազմաձայնության մեջ,
որ այսօր բերում են օտարագիր հայազգի գրողները, Ն.Լալաբեկյանի
բանաստեղեծությունները առանձնահատուկ են եւ ներկայանալի»,- նշեց
Լ.Անանյանը:
Միջոցառման ժամանակ Լ.Անանյանը բանաստեղծուհուն հանձնեց ՀԳՄ-ի
անդամատոմս: