ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿԲԱՑՎԻ ԲՐԱԶԻԼԱՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ<br /> ՄԱՆՈՒԿ ՓՈԼԱԴՅԱՆԻ «ՀԱՅՐԵՆԻ ԱԿՆԹԱՐԹՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿԲԱՑՎԻ ԲՐԱԶԻԼԱՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ
ՄԱՆՈՒԿ ՓՈԼԱԴՅԱՆԻ «ՀԱՅՐԵՆԻ ԱԿՆԹԱՐԹՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 24-09-2008 15:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում սեպտեմբերի 25-ին կբացվի բրազիլահայ լուսանկարիչ Մանուկ Փոլադյանի «Հայրենի ակնթարթներ» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես սեպտեմբերի 24-ի ասուլիսում հայտնեց կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը, ցուցահանդեսում կներկայացվեն լուսանկարչի Հայաստանի բնաշխարհին եւ կենցաղին նվիրված 78 լուսանկար: Հայաստանում Բրազիլիայի հյուպատոս Հովսեփ Սեֆերյանի խոսքերով, այս ցուցահանդեսը սիրո արտահայտություն է` սեր դեպի հայրենիքը, հայ ժողովուրդը: Ըստ հյուպատոսի, Հայաստանին նվիրված լուսանկարները արվել են մի քանի տարի առաջ եւ ներկայացվել են Բրազիլիայում: «Այս լուսանկարների միջոցով բրազիլացիները իմացան Հայաստանի մասին եւ շատերի մոտ ցանկություն առաջացավ իրենց աչքերով տեսնել Հայաստանը»,- նշեց Հ.Սեֆերյանը: Մ.Փոլադյանը տեղեկացրեց, որ ինքը երկրորդ անգամն է այցելում հայրենիք եւ այս անգամ եւս լուսանկարելու է հայրենի բնաշխարհը: «Գալով Հայաստան, ես չտեսա այն հայրենիքը, որի մասին լսել էի պապերիցս: Իմ տեսած Հայաստանը ավելի գեղեցիկ էր ու գրավիչ»,- խոստովանեց լուսանկարիչը` հավելելով, որ իր վրա մեծ տպավորություն է թողել հատկապես Արարատը: Մ.Փոլադյանը ծնվել եւ մինչ օրս ապրում ու ստեղծագործում է Սան Պաուլոյում: Նրա ծնողները եւս զբաղվել են լուսանկարչությամբ: Մ.Փոլադյանը մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների եւ արժանացել արծաթե եւ ոսկե մեդալների:
Նոյյան տապան  -   Մշակույթ