ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԺ
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
14-07-2008 19:45:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 14-ին ԵԽ մարդու
իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած
պատվիրակությունը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպում է ունեցել
Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց
պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի
անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարի
հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:
Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ ԵԽԽՎ 1620
բանաձեւի մեջ կան դրույթներ, որոնք վերաբերում են հանձնաժողովի
գործունեությանը եւ այս առումով պարոն Համարբերգի հետ հանդիպումը
կարեւոր է հանձնաժողովի համար:
Ներկայացնելով իր եւ ԵԽ այլ կառուցների մոտեցումը մարտյան
իրադարձությունների վերաբերյալ, Թ.Համարբերգը նշել է, որ
խորհրդարանը պետք է որոշակի դերակատարում ունենա
իրադարձությունների քննարկման եւ դրանից բխող հետեւություններ
անելու գործում: Ըստ նրա, կարեւոր է, որ ուսումնասիրությունը լինի
եւ ընկալվի որպես բացարձակ անկողմնակալ, որպեսզի քաղաքական տարբեր
շահեր չազդեն ընթացքի վրա եւ ուսումնասիրության արդյունքներին
վստահի եւ հավատա հասարակության զգալի մասը:
Թ.Համարբերգի խնդրանքով ներկայացնելով հանձնաժողովի
ձեւավորման սկզբունքները եւ կատարած աշխատանքը, Ս.Նիկոյանը հայտնել
է, որ այժմ հանձնաժողովի կազմում ընդգրկված են ութ պատգամավոր եւ
արտախորհրդարանական ուժերի չորս ներկայացուցիչներ: Նա նշել է, որ
«Ժառանգություն» խմբակցությունը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը մերժել են
ԱԺ առաջարկը հանձնաժողովի կազմում աշխատելու վերաբերյալ:
Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերը ընդունել են ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ԵԱՀԿ
գրասենյանկը եւ ԱՄՆ դեսպանությունը: Ս.Նիկոյանը ասել է, որ որոշվել
է մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրությունը երկու մասի
տարանջատել. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի
ունեցած իրադարձություններ եւ դրանց հաջորդող իրադարձություններ:
Նրա խոսքերով, հանձնաժողովի նպատակն է ժողովրդի համար ընդունելի
անաչառ եւ անկողմնակալ եզրակացություն ներկայացնել: Այս առումով
կարեւորվել է միջազգային եւ տեղական անկախ փորձագետների
ներգրավվածությունը հանձնաժողովի աշխատանքներին:
Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՆՈՅՅԱՆ
ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, նույն օրը Թ.Համարբերգի
գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ ԱԺ խմբակցությունների
ներկայացուցիչների հետ:
Թ.Համարբերգը ասել է, որ թեեւ ՀՀ-ին վերաբերող ԵԽԽՎ-ի
բանաձեւում եղած առաջարկների մի մասը կատարվել է եւ Հայաստանին
հնարավորություն է տրվել մինչեւ հունվար ավարտել այն, բայց եւ
այնպես ԵԽԽՎ-ն դեռ մտահոգություններ ունի: Նա տեղեկացրել է, որ
իրեն խնդրել են սեպտեմբերի 11-ին ԵԽ-ին զեկուցել երկու կարեւոր
հարցերի վերաբերյալ. առաջինը մարտի 1-ին տեղի ունեցածի
հետաքննությունն է, որը պետք է լինի թափանցիկ, անկողմնակալ ու
վստահելի, իսկ երկրորդը` մարտյան դեպքերին հաջորդած
ձերբակալությունների ու դատավարությունների խնդիրը: Առաջին հարցին
առնչվող որոշակի քայլեր կատարվել են, իսկ երկրորդի հետ կապված
մտահոգություն կա, որ մարդիկ կալանավորվել են ոչ թե բռնի հանցանք
գործելու, այլ միտինգներին մասնակցելու համար: Ըստ նրա,
մտահոգություն կա նաեւ, որ մի քանի ամիսների ընթացքում մեղադրանքը
դեռ չի ուղարկվել դատարան եւ քայլեր չեն արվել բացահայտելու այն
ոստիկաններին, որոնք կարող է գերազանցած լինեին իրենց
լիազորությունները եւ բռնի ուժ կիրառած ցուցարարաների նկատմամբ:
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, որ
ՀՀ նախագահն ու ԱԺ-ն ամեն ինչ անում են քաղաքական լարվածությունը
թուլացնելու համար` ակտիվ բարեփոխումների ու քաղաքական
երկխոսության ճանապարհով: Նա արդարացի է համարել 1620 բանաձեւի այն
դրույթը, որ 1-2 ոստիկանի ցուցմունքով չի կարելի մարդկանց դատել,
եւ նշել է, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվել են:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի
գնահատմամբ, եթե ընդդիմությունը չմասնակցի մարտյան դեպքերի
պատճառները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին,
հանձնաժողովի ջանքերը մնալու են ապարդյուն, իսկ քաղաքական
գնահատականները` թերի: Նա կարծիք է հայտնել, որ ԵԽ-ի փորձագետների
մասնակցությունը ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին նույնպես
եղած քաղաքական տեսակետները մերձեցնելու հնարավորություն կտա:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել
է, որ մարտյան դեպքերը ողբերգական են ողջ ազգի համար: Ըստ նրա,
Լեւոն Տեր-Պետրոսյանը գնում է շանտաժի ճանապարհով, իսկ
իշխանությունը անում է հնարավոր ամեն բան` կարգավորելու ստեղծված
իրավիճակը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը
հայտարցարել է, որ ԵԽ բանաձեւում տեղ գտած շատ առաջարկներ
իշխանությունը չի կատարում եւ շարունակվում են խախտվել
ձերբակալվածների շահերի պաշտպանությանն առնչվող բազմաթիվ
իրավունքներ: Նա տեղեկացրել է նաեւ, որ խմբակցությունն առաջարկել է
ժամանակավոր հանձնաժողովը ձեւավորել իշխանության եւ ընդդիմության
ներկայացուցիչների հավասար մասնակցության կամ էլ կոնսենսուսի
սկզբունքով, սակայն այդառաջարկները մերժվել են, եւ իրենք էլ
հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: