ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ
11-07-2008 20:40:00 | Ֆրանսիա | Իրավունք
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի Խորհրդի
մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հուլիսի 13-ին
եռօրյա այցով Երեւան կժամանի մարտի 1-ի ողբերգական
իրադարձությունների հետաքննության ընթացքը գնահատելու համար:
Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայության հաղորդման համաձայն, այցի
ընթացքում նա կհանդիպի պետության բարձրագույն ղեկավարների,
մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի, կառավարության անդամների,
խորհրդարանի ներկայացուցիչների, գլխավոր դատախազի, խորհրդարանական
ժամանանկավոր հանձնաժողովի անդամների, Մարդու իրավունքների
պաշտպանի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ
քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հանձնակատար Համմարբերգը իր գրասենյակի երկու աշխատակիցների,
ինչպես նաեւ երկրներում հետաքննությունների ոլորտի մեծ փորձ
ունեցող միջազգային փորձագետ Յոհան Հիրշֆելդի ուղեկցությամբ,
կհանդիպի նաեւ ձերբակալվածների եւ նրանց փաստաբանների հետ:
«Այս այցը հայկական իշխանությունների հետ երկխոսության մաս է
կազմում, այն հաջորդում է անցած տարվա հոկտեմբերի եւ այս տարվա
մարտի այցելություններին,- հայտարարել է Թ.Համմարբերգը: -
Հայաստանի վերաբերյալ իմ վերջին զեկույցում ես կողմ արտահայտվեցի
մարտի 1-ի իրադարձությունների համակողմանի հետաքննությանը: Այս
այցի նպատակն է գնահատել այդ ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը
եւ ստույգ տեղեկություններ հավաքել ձերբակալվածների թվի եւ
անցկացված դատաքննությունների վերաբերյալ»: