ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
10-07-2008 20:00:00 | Հայաստան | Իրավունք
ԿԱՊԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպան Արմեն Հարությունյանը եւ նրա գլխավորած աշխատանքային
խումբը ծրագրավորված մարզային այցելությունների շրջանակներում
հուլիսի 9-ին այցելել են Սյունիքի մարզ: Պաշտպանը հանդիպում է
ունեցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ինչպես նաեւ Գորիսի,
Կապանի, Սիսյանի, Մեղրու եւ Ագարակի քաղաքապետերի հետ:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ
կապերի բաժնից, աշխատանքային խումբն այցելել է «Գորիս» ՔԿՀ, որտեղ
հանդիպել է մի շարք դատապարտյալների հետ: ՔԿՀ-ի պետը Ա.Պետրոսյանը
ներկայացրել է երկարաժամկետ եւ կարճաժամկետ տեսակցությունների
նորոգված սենյակները, որոնց բացակայության հետ կապված Պաշտպանը
դեռեւս 2007թ.-ից ինչպես իր տարեկան զեկույցներում, այնպես էլ
պաշտոնական գրություններով բազմիցս դիմել էր արդարադատության
նախարարին: