ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՓԱՅԼԵԼ Է «ՖԱՆՏԱՍՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՓԱՅԼԵԼ Է «ՖԱՆՏԱՍՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

  • 03-07-2008 19:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Ռուդոլշտատ քաղաքում հունիսի 19-22-ն անցկացված «Ֆանտաստիկ» մանկապատանեկան միջազգային թատերական փառատոնը մեկնարկել է Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի «Օֆելյայի ստվերների թատրոնը» հեքիաթ-ներկայացումով: Ինչպես հուլիսի 3-ին մամլո ասուլիսում հայտնեց ներկայացման բեմադրիչ Վահան Բադալյանը, փառատոնին մասնակցության հայտ ներկայացրած 40 բեմադրություններից ընտրվել էր 9-ը, այդ թվում` նաեւ հայկականը: Բացի Հայաստանից, փառատոնին մասնակցել են նաեւ թատերախմբեր Լեհաստանից, Ռուսաստանից, Խորվաթիայից: Լեզվական խնդիրը հարթելու նպատակով հայաստանյան բեմականացման երկխոսությունները եղել են հայերեն, իսկ պատմողական հատվածները` գերմաներեն: Վ.Բադալյանի խոսքով, նպատակ կա ներկայացումը նույն եղանակով խաղալ նաեւ անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներով: «Գերմանական մամուլում բազմիցս անդրադարձել են մեր բեմադրությանը` նշելով, որ փառատոնում հայկական թատերախումբը փայլել է իր խաղով»,- ասաց Վ.Բադալյանը: Փառատոնում թեպետ մրցանակներ չեն եղել, սակայն հայկական ներկայացման առավելությունը նկատվել է թե մասնակիցների, թե հանդիսատեսի կողմից, ինչի արդյունքում էլ Փոքր թատրոնի դերասանները հրավիրվել են նաեւ Իռլանդիա եւ Մակեդոնիա: «Հասարակության մեջ հաճախ մանկապատանեկան թատրոնի ներկայացումները լուրջ չեն ընդունվում` որպես առանձին մեծ միջոցառում: Սակայն կարող ենք փաստել, որ դերասանները չնայած 10-15 տարեկան են, բայց իրենց դերերը խաղում են շատ պրոֆեսիոնալ եւ մեծ նվիրվածությամբ` արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը»,- հավելեց նա:
Նոյյան տապան  -   Մշակույթ