«ՎԱՐԴԱՇԵՆ» ՔԿՀ-ՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ ԵՆ 5 ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ<br />


«ՎԱՐԴԱՇԵՆ» ՔԿՀ-ՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ ԵՆ 5 ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ

  • 20-06-2008 19:20:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական եւ զինծառայողների իրավունքների վերականգնման խումբը հունիսի 19-ին այցելել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ: Հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ս.Պետրոսյանը հայտնել է, որ հիմնարկում կան հինգ հացադուլավորներ, ովքեր ստորագրությամբ ծանոթացել են հացադուլի վնասակար հետեւանքների, ինչպես նաեւ հետեւանքների համար վարչակազմի պատասխանատվություն չկրելու մասին: ՔԿՀ-ի պետի տեղակալի ուղեկցությամբ խումբը հանդիպել է հացադուլ հայտարարած կալանավորներին, որոնք հայտարարել են, որ պահանջում են փոխել իրենց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւ կատարել ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձեւի պահանջները: Նրանք հայտնել են նաեւ, որ իրենք գտնվում են բժիշկների հսկողության տակ, անհրաժեշտության դեպքում ցուցաբերվում է բժշկական օգնություն, պարբերաբար իրենց է այցելում նաեւ սոցիալ-հոգեբանը: Ըստ կալանավորներից մեկի, ինքը անազատության մեջ է գտնվում 2006թ. դեկտեմբերի 10-ից: Նա նշել է, որ դատապարտվել է ՀՀ քր. օր.-ի 301 հոդվածով, որն ըստ իրեն, հակասում է ՀՀ Սահմանադրության 27 հոդվածին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները դիմում բողոքի հիման վրա հանդիպում են ունեցել նաեւ կալանավոր Ս.Ս.-ի հետ, ով հայտնել է, որ ձերբակալվել է այս տարվա մարտի 8-ին Վրաստանում, իսկ հաջորդ օրը տեղափոխվել է Երեւան: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սկզբից ՀՀ քր. օր.-ի 225 հոդ. 2-րդ մասով, այնուհետեւ վերաորակվել` նույն հոդվածի 1-ին մասով: Կալանավորը հայտնել է, որ առ այսօր որեւէ քննչական գործողություն չի կատարվել. միայն մեկ անգամ հանդիպել է քննիչի հետ մայիսին, եւ դրանից հետո որեւէ դատավարական գործողություն չի կատարվել: Նա պնդել է, որ առաջադրված մեղադրանքը ապօրինի է, եւ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակի մամլո հաղորդագրության, կալանավորները «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմից եւ ՔԿՀ-ի պահման պայմաններից դժգոհություն չեն հայտնել:
Նոյյան տապան  -   Իրավունք