«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԹԱՅՄՍԸ» ՍԽԱԼ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՑ` ԱՄԲԻՈՆ ՏԱԼՈՎ ԹՈՒՐՔ<br /> ՄԵՐԺՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ<br />


«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԹԱՅՄՍԸ» ՍԽԱԼ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՑ` ԱՄԲԻՈՆ ՏԱԼՈՎ ԹՈՒՐՔ
ՄԵՐԺՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ

  • 15-04-2008 18:40:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հարութ Սասունյան «Կալիֆոռնիան կուրիերի» հրատարակիչ Հազիվ էր «Լոս Անջելես Թայմսը», նախկին խմբագիրների մի շարք սխալ դատողություններից հետո, ձեւավորել բարելավված վերաբերմունք Հայոց Ցեղասպանության նկատմամբ, երբ մի նոր խմբագիր է հանդես գալիս եւ դարձյալ վիրավորում հայ համայնքը: Այն էլ` կարծես դիտմամբ, ապրիլ ամսին: Ապրիլի 2-ին իր էլեկտրոնային կայքէջում «Թայմսը» ներկայացրել էր «Մասնակի սղագրություն` Թուրք-Ամերիկյան Միությունների Ասամբլեայի` Թայմսի խմբագրական խորհրդի հետ հանդիպման խոսակցության», բայց բարեբախտաբար չէր տեղադրել իր տպագրված համարում: Ներածականում ասված է հետեւյալը. «Թուրք-Ամերիկյան խմբերի միավորման ղեկավարները վերջերս հրավիրվել էին «Թայմսի» կողմից քննարկելու Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանավեճը, Թուրքիայի անդամակցությունը Եվրոմիությանը եւ Հյուսիսային Իրաքում քուրդ անջատողականության դեմ գործարդվող ճնշումը: Ստորեւ ներկայացված են կարեւոր հատվածներ այդ հանդիպումից:» Համաձայն այդ սղագրության, այդ հանդիպմանը մասնակցել են «Թայմսի» կարծիքների կայքէջի խմբագիր Թիմ Քեվենոն, Թուրք-Ամերիկյան Միությունների Ասամբլեայի նախագահ Նուրթեն Ուրալը, Հարավային Կալիֆոռնիայի Թուրք-Ամերիկյան Միության նախագահ Ահմետ Ատահան եւ Թուրք-Ամերիկյան Միությունների Ասամբլեայի քարոզչության գծով տնօրեն Էլլիսոն Բլոքը: Այն փաստը, որ «Թայմսի» խմբագրական խուրհուրդը իր գրասենյակում ընդունել է մի խումբ մարդկանց, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, այն դեպքում, երբ լրագիրը վարում է Հայոց ցեղասպանության անվիճարկելի փաստերը ճանաչելու հստակ քաղաքականություն, շատ ցավալի է եւ անհանգստացնող: Ավելին` լրագիրն իր կայքէջում ներկայացրել է թուրքական ժխտումները, այսպիսով նրանց ամբիոն տրամադրելով` իրենց ստերը աշխարհով մեկ տարածելու համար: Սա հավասարազոր է նրան, որ «Թայմսի» խմբագրական խորհրդի հետ հանդիպման հրավիրվեն մի խումբ նեոնացիստներ` «քննարկելու համար Հրեական Հոլոքոստի վերաբերյալ բանավեճը» եւ հետո նրանց ռեւիզիոնիստական հայտարարությունները տեղադրվեն լրագրի կայքէջում: Նման անպատասխանատու վարքագծի միակ բացատրությունը, (որը այնուհանդերձ չի կարող ընդունվել որպես արդարացում), կարող է լինել այն, որ խմբագրական խորհրդի այս հանդիպումը կազմակերպել էր ամերիկյան պրոպագանդիստական «թանկ» ֆիրմաներից մեկը, որը վարձված է թուրքական կառավարության կողմից: Հարկ է, որ «Թայմսի» հրատարակիչ Դեյվիդ Հիլլերը հետաքննի այս սկանդալային էպիզոդը եւ բացատրություն տա հայկական համայնքին, ներողություն խնդրելու հետ մեկտեղ: Պարոն Քեվենոն բացել է հանդիպումը հետեւյալ հայտարարությամբ. «Լոս Անջելես Թայմսը հայտնի է նրանով, որ կողմնակից է «ցեղասպանություն» տերմինի կիրառմանը այն ամենի նկատմամբ, ինչ պատահել է 20-րդ դարի սկզբներին»: Պարոն Քեվենոն ցույց է տվել իր ողջ անտարբերությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ` բնութագրելով այն որպես «այն ամենը ինչ պատահել է»: Արդյո՞ք նա կբնութագրել Հոլոքոստը որպես «այն ամենը, ինչ պատահեց հրեաների հետ»: Այնուհետեւ նա հարցրել է թուրքական խմբի կարծիքը Հայոց ցեղասպանության մասին: Պարոն Ուրալը, Հայոց ցեղասպանության մասին ստանդարտ թուրքական խեղաթյուրումները կրկնելուց հետո, արեց հետեւյալ ծիծաղելի հայտարարությունը: «Իմ լավագույն ընկերներից մի քանիսը հայեր են: Գաղտնի կերպով նրանք գալիս են մեզ մոտ, բացահայտ, հրապարակավ կերպով նրանք հրաժարվում են գալ»: Այնուհետեւ պարոն Քեվենոն արել է հետեւյալ տարօրինակ հայտարարությունը ուղղված թուրքական խմբին: «Նրանք [հայերը] կարող են գալ եւ իրենց խոսքն ասել»: Եթե «Թայմսը» ցանկանում էր հրավիրել ամերիկահայ խմբին խմբագրական խորհրդի հանդիպմանը, ապա խմբագիրները գիտեն թե ինչպես կապ հաստատել համայնքի ղեկավարների հետ: Թուրք մերժողականների մի խմբի հետ հանդիպման սղագրությունից չէ, որ նրանք պետք է իմանային այս հրավերի մասին: Այնուհանդերձ, պարոն Քեվենոն լավ տեղեկացված է հայկական հարցերի մասին, ինչը երեւում է թուրքական խմբին նրա ասած հետեւյալ խոսքերից. «Երբ դուք առաջարկում եք բանավեճ, դուք գիտեք, հայկական խմբերի պատասխանը հետեւյալն է. 'Մենք չենք խնդրում հրեական խմբերին գալ եւ բանավիճել գերմանական խմբերի հետ թե արդյոք Հոլոքոստ եղե՞լ է թե ոչ: Իսկ ինչու՞ մենք պետք է զբաղվենք ... այդօրինակ ինքնարդարացմամբ»: Միանգամայն ճշգրիտ դիտարկում կապված այս հարցի շուրջ հայերի դիրքորոշման հետ: Այնուհետեւ պարոն Քեվենոն դիմել է ստանդարտ խորամանկության` փորձելով բաժանել սփյուռքը Հայաստանից ցեղասպանության հարցում. նա թուրքերին ասել է հետեւյալը. «Մի քանի ամիս առաջ մենք հրավիրեցինք Հայաստանի վարչապետին եւ նա առաջարկեց... : Մենք խոսում էինք ամերիկահայերի մասին, ճի՞շտ է... : Վարչապետը անդրադարձավ այն գաղափարին, որ այս հարցը մարդկանց հուզում է ավելի շատ սփյուռքում, քան Հայաստանում»: Իրականում, համաձայն «Լոս Անջելես Թայմսի» խմբագրական խորհրդի հետ Վարչապետ Սերժ Սարգսյանի 2007թ. հոկտեմբերի 19-ի հանդիպման սղագրության, ի պատասխան այն հարցին, թե ինչու՞ է այս հարցը [ցեղասպանության] ավելի շատ հուզում ամերիկահայերին, քան հայաստանցիներին նա պատասխանել է. «Ես չէի ասի, որ այն ավելի կարեւոր է ամերիկահայերի համար, քան հայաստանաբնակ հայերի համար: Ես կարծում են, որ այս հարցը շատ կարեւոր աշխարհի բոլոր հայերի համար: Սակայն մեր ազգի որոշ հատվածի համար այս հարցը շատ ավելի կարեւոր է, քանի որ դա անմիջապես վերաբերվում է հենց նրանց»: Պարոն Քեվենոն ներկա էր այդ հանդիպմանը: Թուրք-Ամերիկյան Միությունների Ասամբլեայի քարոզչության գծով նորանշանակ տնօրեն Էլլիսոն Բլոքը, պարոն Քեվենոյին պատասխանելիս հակասեց ինքն իրեն: Համաձայնվելով այն պնդմանը, որ ցեղասպանությունը սփյուռքի խնդիրն է, նա միաժամանակ արեց անտրամաբանական հայտարարություն, ըստ որի եթե Միացյալ Նահանգների Կոնգրեսը ամերիկահայերի ճնշման տակ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան կպատժի Հայաստանին` փակ պահելով իր սահմանը: Վերջապես, պարոն Քեվենոն հարց է տվել. «Ինչու՞ են նրանք [ամերիկահայերը] առաջ մղում այդ [ցեղասպանության] հարցը»: Պարոն Ուրալը հետաքրքիր պատասխան է տվել. «Հող: Փող»: Պրն. Ուրալը իրավացի է: Հայերը միայն փոխհատուցում են պահանջում իրենց կորուստների համար: Ինչու՞ չպետք է հայերը պահանջեն այն, ինչը իրավամբ իրենցն է: Հրեական Հոլոքոստի զոհերի հետեւորդները ըստ արժանվույն ստացան միլիարդավոր դոլարներ իրենց սարսափելի կորուստների համար: Հայերը պակաս արժանի չեն:
Նոյյան տապան  -   Վերլուծություն