ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԵՎ «ԱՐԱ ԵՎ ՄԱՐԱԼ» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
18-01-2008 18:40:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 18-ին
ամփոփվեցին Հայաստանի Թեքեյան մշակութային միության (ՀԹՄՄ)
հայտարարած «Վահան Թեքեյան» եւ «Արա եւ Մարալ» ամենամյա
մրցույթների արդյունքները: Մրցանակների հանձնման հանդիսավոր
արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, կրթության եւ
գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ
եւ մտավորականներ:
«Վահան Թեքեյան» մրցույթի հաղթողներին 1000-ական ԱՄՆ դոլար
դրամական պարգեւներ հանձնվեցին 7 անվանակարգերում:
Գրականության անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը
շնորհվեց Լյուդվիգ Դուրյանին` «Մեր տարիքն Արարատն է» գրքի համար:
Ռադիոհեռուստատեսության բնագավառում հաղթող ճանաչվեց Արտեմ
Սարգսյանը` «Դարը» հեղինակային հաղորդաշարի համար, իսկ «Ազգ»
օրաթերթում հրապարակված լավագույն հոդվածների համար «Հակոբ
Վարդիվառյան» մրցանակի արժանացավ նույն թերթի խմբագիր Հակոբ
Ավետիքյանը: Սոցիալ-քաղաքական երգիծանք անվանակարգում «Դավիթի
պարսատիկից» մրցանակը շնորհվեց Արամայիս Սահակյանին` «Ծիծաղի տուն»
հեղինակային հաղորդաշարի համար:
Կերպարվեստի ասպարեզում հաղթող ճանաչվեց Վարուժան Վարդանյանը:
«Գեղանկարչություն» անվանակարգում նրան մրցանակ շնորհվեց
«Տիրամայրը մանկան հետ» կտավի համար, «Քանդակ» անվանակարգում
մրցանակը շնորհվեց Գետիկ Բաղդասարյանին` «Եղիշե Չարենց»
դիմաքանդակի համար:
«Երաժշտություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Ջիվան
Գասպարյանը` «Հին ու նոր հուշեր» ձայներիզի համար:
«Արա եւ Մարալ» մանկապատանեկան մրցույթում հաղթող ճանաչվեց
Ռուբեն Հախվերդյանը` «0-ից 100 տարեկան երեխաներին»
գիրք-ձայնասկավառակի համար: