ՄՈՍԿՎԱ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը նոյեմբերի 20-ին զրույց է ունեցել լիբանանյան
«Ալ-Մուստակբալ» շարժման առաջնորդ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպումը
կայացել է ռուսական պետության ղեկավարի Նովո-Օգարեւոյի
նստավայրում:
«Անկախության օրվա նախաշեմին շնորհավորում եմ Ձեզ եւ Լիբանանի
ողջ ժողովրդին, մաղթում եմ ձեզ խաղաղություն, բարօրություն եւ
համաձայնություն»,- ասել է Պուտինը` սկսելով հանդիպումը: «Դուք
գիտեք, թե որքան ուշադրությամբ ենք մենք հետեւում ձեր երկրի
իրադրությանը»,- ավելացրել է ՌԴ նախագահը:
Սաադ Հարիրին նշել է, որ Մոսկվա է եկել «Լիբանանի համար
պատմական պահի»: «Շնորհիվ, այդ թվում, Ձեր անձնական ջանքերի,
Ռուսաստանը միշտ եղել է Լիբանանի կողքին նրա համար ամենադժվար
ժամանակներում: Եվ այսօր եւս մենք զգում ենք Ռուսաստանի օգնության
կարիքը հաղթահարելու ճգնաժամը, որ ապրում է մեր երկիրը»,-
հայտարարել է Հարիրին:
Նոյեմբերի 24-ին լրանում է Լիբանանի ներկայիս նախագահ Էմիլ
Լահուդի լիազորությունների ժամկետը, եւ, ըստ փորձագետների, երկրում
երկիշխանություն առաջանալու սպառնալիքը կարող է իրականություն
դառնալ: