ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑԻՆ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՎ<br /> ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆՆԵՐԸ<br />


ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑԻՆ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՎ
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆՆԵՐԸ

  • 16-11-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետական համալսարանում նոյեմբերի 16-ին միաժամանակ բացվեցին Արցախյան ազատագրական շարժման երկու հերոսների անվան լսարաններ: Տնտեսագիտական ֆակուլտետի երկու լսարաններ անվանակոչվեցին ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկներ Վաչագան Ավակիմովի եւ Ֆուրման Գեւորգյանի անուններով: «Համալսարանական-հերոսամարտիկների թիվը 26-ն է: Այժմ մեր բուհի 10 լսարաններ անվանակոչվել են նրանց անուններով, իսկ մինչեւ տարեվերջ կբացենք եւս 3-ը: Մենք` համալսարանականներս, երջանիկ ենք, որ պատիվ ենք ունեցել այդ հերոսների հետ ժամանակին այս միջանցքներում քայլել կողք-կողքի»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ըստ ռեկտորի, այս արարողությունն առիթ է, որպեսզի զոհված ազատամարտիկների մտերիմները նրանց մասին իրենց հիշողությունները պատմեն: Իր ուսանողի` Վաչագան Ավակիմովի մասին հիշողություններով կիսվեց ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դասախոս Վասակ Թորոյանը նշելով, որ «Վաչեն կռվի դաշտում հանգիստ նստող մարդ չէր: Երբ գալիս էր այնտեղից, հոդվածներ էր գրում: Բնավորությամբ էլ շատ ամաչկոտ էր, երբ գալիս էր համալսարան, ամբիոնի դռան մոտ կանգնում եւ սպասում էր, որ դուրս գամ, նոր ինձ մոտենար: Պայմանավորվել էինք, որ Լենինգրադում կրթությունը շարունակեր, սակայն կտրականապես հրաժարվեց` ասելով, որ երբեք չի մենկի Հայաստանից»: Նույն օրը բուհի պատմության ֆակուլտետում վերաբացվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան լսարանը, որտեղ վերջապես տեղադրվեց նրա կիսանդրին: ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Վահե Սարգսյանի խոսքերով, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին պետք է արժանավայել կերպով բացվեր. «Այնինչ, մեր նվիրաբերած կիսանդրին որպես գույք դրվեց լսարանում, իսկ այսօր ոչ թե դրա բացման արարողությունն է, այլ լսարանն է վերաբացվում»: Ըստ նրա, մեկ այլ առումով էլ սա լավ առիթ դարձավ լսարանը վերանորոգելու համար: Նախկինում այստեղ տեղադրված էր համակարգիչ, հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, ֆիլմեր էին ցուցադրվում, հանդիպումներ կազմակերպվում:
Նոյյան տապան  -   Հասարակություն