ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՒՅՆՆ ԵՆ
06-11-2007 17:41:00 | Չինաստան | Միջազգային
ՊԵԿԻՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանը եւ ԱՄՆ-ն
միատեսակ նպատակներ ունեն իրանական միջուկային խնդրի կարգավորման
առումով, նոյեմբերի 6-ին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական
ներկայացուցիչ Լյու Ցզյանչաոն:
«Իրանի միջուկային խնդրի հարցում ե'ւ Չինաստանի, ե'ւ ԱՄՆ-ի
նպատակները նույնն են` մենք բոլորս դեմ ենք, որ Իրանը միջուկային
զենք ունենա, կողմնակից ենք չտարածման միջազգային համակարգի
պահպանմանը, ձգտում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների
ճանապարհով»,- ՉԺՀ ԱԳՆ-ում ավանդական ճեպասուլիսում նշել է Լյու
Ցզյանչաոն` մեկնաբանելով Պեկինում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար
Ռոբերտ Գեյթսի հետ բանակցությունների արդյունքները:
Ըստ ՉԺՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի,
Իրանի միջուկային խնդիրը եղել է Պեկինում Գեյթսի հանդիպումների
կարեւոր թեման:
Դիվանագետն ընդգծել է, որ ՉԺՀ-ն ողջունում է
բանակցությունների հետագա առաջխաղացումը, մասնավորապես
Եվրոմիության, ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի բանակցությունների, եւ նշել, որ
Չինաստանը իր հերթին պատրաստ է աջակցություն ցույց տալ խնդրի խաղաղ
կարգավորմանը, կապ պահպանել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Պեկինում էր
գտնվում նոյեմբերի 4-5-ը: