ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է
ՆՈՐ ՓՈՒԼ
05-11-2007 17:23:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լրացել է Հայաստանի եւ
Կորեայի հանրապետությունների միջեւ դիվանագիտական
հարաբերությունների հաստատման 15-ամյակը, ինչի առիթով էլ Երեւան
ժամանած կորեական «Եչժոն» ազգային պարախումբը նախորդ օրը երեկոյան
համերգային ծրագրով հանդես է եկել Գ.Սունդուկյանի անվան ազգային
ակադեմիական թատրոնի բեմում: Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ
մշակույթի նախարարությունում կազմակերպված հանդիման ժամանակ
տեղեկացրեց նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նախարարի խոսքերով, երկու երկրների դեռեւս երիտասարդ, սակայն
կայացած քաղաքական ու տնտեսական համագործակցությունը աստիճանաբար
զարգանում է` հարթելով ճանապարհ մշակութային գործակցության համար:
Հասմիկ Պողոսյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների
հաստատումից ի վեր` 2000 թվականից, Հայաստանում անցկացվել են
Կորեական կինոյի օրեր, իսկ 2006-ին` հայկական ֆիլմերը մասնակացել
են Պուսանի միջազգային կինոփառատոնին:
Մշակույթի նախարարը հավաստիացրեց, որ առաջիկայում կվավերացվի
հայ-կորեական մշակութային համագործակցության համաձայնագիրը եւ
իրավական դաշտի առկայության պայմաններում կակտիվանան այդ
հարաբերությունները:
Հանդիպմանը ներկա Կորեայի Հանրապետության դեսպանության
արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Պարկ Սանգ Հունը, գնահատելով
երկկողմ դիվանագիտական հարաբերությունները, միաժամանակ կարեւորեց
մշակութային համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ այն
կնպաստի երկու ժողովուրդների փոխճանաչմանը: «Մշակույթի ազգերի եւ
ժողովուրդների միջեւ բարեկամության եւ համագործակցության միակ
ուղին է»,- ասաց նա: