ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ»<br /> ՄՐՑՈՒՅԹԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ»
ՄՐՑՈՒՅԹԸ

  • 24-10-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 24-ին մեկնարկեց «Ռուսալ Արմենալ» ընկերության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Գլոբալ կոմպակտ Հայաստան»-ի հետ համատեղ իրականացվող «10 լավագույն դպրոցական ծրագրեր» մրցույթը: Ծրագրի շրջանակներում 7-11-րդ դասարանների աշակերտները պետք է հնարամիտ լուծումներ առաջարկեն իրենց դպրոցը բարեկարգելու, դպրոցական կյանքը բարելավելու համար եւ մրցեն այդ ծրագրերի իրականացման ֆինանսավորման համար: Դիմումները պետք է ներկայացվեն մինչեւ նոյեմբերի 20-ը, իսկ աշխատանքները կիրականացվեն 2008թ.-ի ընթացքում: Ինչպես նշեց «Գլոբալ կոմպակտ» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը, լավագույն ծրագրերը կստանան 1 մլն դրամի (մոտ 3 հազար ԱՄՆ դոլար) դրամաշնորհներ: Ֆինանսավորվելու են 10 դպրոցներ եւ 2 հատուկ առաջարկներ: Իսկ «Ռուսալ Արմենալ» ընկերությունը «10 լավագույն դպրոցական ծրագրեր» նախաձեռնությունն իրականացնելու համար կտրամադրի 50 հազար ԱՄՆ դոլար: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի խոսքերով, այն հանգամանքը, որ դպրոցահասակ երեխաներն ինքնուրույն մասնակցում են իրենց խնդիրների լուծմանը, կբացահայտի նրանց ստեղծագործական ներուժը եւ վստահություն կառաջացնի սեփական ուժերի նկատմամբ: Ըստ «Ռուսալ Արմենալ» ընկերության տնօրեն Գեորգի Ավետիքյանի, «Ռուսալ»-ը սոցիալական եւ համայնքների հետ հարաբերությունների ծրագրեր իրականացնելու հարուստ եւ հաջողված փորձ ունի: Ընկերությունը տրամադրում է կրթական դրամաշնորհներ, իրականացնում է տեղական համայնքների աջակցությանն ուղղված ծրագրեր եւ այլն:
Նոյյան տապան  -   Հասարակություն