ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԵԹԵ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԵՐԵՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ<br /> ՓԱՌԱՏՈՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԵԹԵ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԵՐԵՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ
ՓԱՌԱՏՈՆԵՐ

  • 17-10-2007 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ առաջիկայում միաժամանակ կմեկնարկեն երեք թատերական` «Նռան հատիկ» մանկապատանեական, Տիկնիկային թատերախմբերի հանրապետական 3-րդ եւ Երիտասարդ բեմադրիչների 2-րդ փառատոները: Ինչպես հոկտեմբերի 17-ին ասուլիսում նշեց մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, այս երեք փառատոները լուծում են տարբեր հիմնախնդիրներ եւ հասցեագրված են տարբեր տարիքային խմբերին: Արդեն 7-րդ անգամ անցկացվող եւ ժամանակի քննությունը բռնած «Նռան հատիկ»-ը, ըստ փառատոնի նախագահ Հասմիկ Կարապետյանի, նպաստում է մանուկների եւ պատանիների շրջանում թատրոնի եւ թատերարվեստի տարածմանն ու զարգացմանը, խթանում թատերական խմբերի ձեւավորմանը: Հ.Կարապետյանի խոսքերով, ամեն տարի փառատոնին մասնակցում են տարբեր թատերախմբեր` չընդգրկելով արդեն հաջողության հասած խմբերին: Այս տարի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը, որին կմասնակցեն 19 թատերախմբեր Հայաստանից, Արցախից, Ջավախքից: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքերով, Երիտասարդ բեմադրիչների 2-րդ փառատոնը, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 21-26-ը Գյումրիում, նպատակ ունի աջակցել երիտասարդ բեմադրիչներին` ընձեռելով հնարավորություն ներկայացնելու իրենց գործերը: Հոկտեմբերի 18-ին Տավուշի մարզի 5 քաղաքներում եւ 20 գյուղերում կսկսվի Տիկնիկային թատերախմբերի հանրապետական 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն 20 տիկնիկային թատերախմբեր Հայաստանից, Ջավախքից եւ ԼՂՀ-ից` ներկայացնելով 50 բեմադրություն: Այս փառատոնը, ըստ կազմակերպիչների, սպասված տոն է հեռավոր մարզերում ապրող երեխաների համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ