ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԵՎ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ<br /> ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԵՎ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ

  • 10-10-2007 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի փոփոխությունը ՀՀ կառավարությանը կընձեռի շվեդա-ֆիննական OMX AB ընկերության հետ Հայաստանի ֆոնդային բորսայի եւ դեպոզիտարիայի վաճառքի պայմանագրի ստորագրման օրենսդրական հնարավորություն: Հոկտեմբերի 10-ին Ազգային Ժողովում նշված օրենքում փոփոխություն կատարելու օրինագծի եւ դրա հետ կապված օրենսդրական փաթեթի քննարկման ավարտին այս մասին լրագրողներին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա հայտնեց, որ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին` օրենքի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: «Այսուհետեւ բորսայական բիզնեսի կառավարումը Հայաստանում կիրականացվի շուկայական կանոններով: Դա նշանակում է, որ մենք ճանապարհ ենք բացում օտարերկրյա ներդրողների համար, որպեսզի նրանք կարողանան ներդրումներ կատարել եւ զարգացնել բորսան եւ դեպոզիտարիան մեր հանրապետութությունում»,- ասաց ԿԲ-ի նախագահը: Տ.Սարգսյանը միաժամանակ նշեց, որ կան բազմաթիվ նորմեր, որոնք դեռեւս ներառված չեն օրենքում, բայց միջազգային պրակտիկայում կիրառվում են: Նրա խոսքերով, փուլ առ փուլ բարեփոխվելու է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքը. հաջորդ տարի ներկայացվելու է նոր օրենսդրական փաթեթ, շուկայի զարգացմանը զուգնթաց փորձ է արվելու նոր մեխանիզմներ եւ սկզբունքներ կիրառել: Նույն օրը ԱԺ-ն երկրորդ եւ երրորդ ընթերքմամբ քննարկեց նշված օրենսդրական փաթեթը, որի ընդունումը կքվեարկվի մոտ ժամնակներս:
Նոյյան տապան  -   Տնտեսություն