ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԴՈՓԱՊԱՐԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ<br /> ԵՐԵՔ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ<br />


ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԴՈՓԱՊԱՐԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ
ԵՐԵՔ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ

  • 09-10-2007 18:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքից Երեւան ժամանած ամերիկյան ստեպ պարի (դոփապար) անվանի վարպետները հայ հանդիսատեսին կներկայանան երեք համերգային ծրագրով` Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում: Նրանք կփորձեն ներկայացնել աֆրոամերիկյան ծագում ունեցող այս պարատեսակի հետաքրքիր նմուշներ: Ինչպես հոկտեմբերի 9-ի մամլո ասուլիսում նշեց Երեւանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Սյուզան Բրանդիստայնը, նյույորքյան պարային խմբի այցելությունը դեսպանության կողմից իրականացվող մշակութային միջոցառումների շարունակությունն է: Իսկ ստեպի մենակատարների հյուրախաղերը անցկացվում են «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Երեւանյան համերգը կանցկացվի «Նանե» պարային խմբի հետ համատեղ: «Ամերիկյան ստեպ. Թոնի Վաագի դոփապարի աշխարհը» պարային ծրագրի ղեկավար Թոնի Վաագի խոսքերով, իրենք առաջին անգամ են Հայաստանում եւ ծանոթ չեն հայ երաժիշտներին: «Սակայն հայկական պարային խմբի հետ փորձերի ժամանակ լսեցի ժողովրդական երաժշտություն եւ հասկացա, որ նախկինում էլ եմ լսել այն»: Դոփապարը ծագել է պատմական այն ժամանակահատվածում, երբ Աֆրիկայից ստրուկներ էին ներկրում Ամերիկա. ստրուկներից այդ ժամանակ հավաքում էին թմբուկները, որով նրանք կապ էին պահպանում իրար հետ, ինչն էլ առիթ հանդիսացավ, որ նրանք ստիպված սկսեցին ազդանշան տալ իրար ոտքերով` դոփի միջոցով: Ըստ Թոնի Վաագի, պատմության մեջ առաջին անգամ ստեպը ներկայացվել է Մանհեթենի «Հինգ կետ» կոչվող թաղամասում, ինչից հետո այն փոխանցվեց անհատ կատարողներին: Նրանք շարունակեցին կատարելագործել պարային ոճերը` 19-րդ դարում պլանտացիաներում, իսկ 20-րդ դարում` արդեն քաղաքի փողոցներում: Ըստ նրա, դոփապարն այսօր միջազգային տարածում ունի եւ հարստացվել է տարբեր մշակութային ռիթմերով, շարժումներով եւ հարվածներով: 2001 թվականին Թոնի Վաագը այս արվեստի առաջատարների եւ ջատագովների հետ հիմնադրել է Նյու Յորքի դոփապարի «Թէփ Սիթի» փառատոնը: Ըստ ամերիկացի արվեստագետի, ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից այնտեղ են հավաքվում բազմաթիվ դոփապարողներ` սովորելու, սովորեցնելու, ներկայացնելու, բացահայտելու ստեպի հիասքանչ արվեստը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play