ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ
Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 9-ին ժամանում է Մոսկվա: Սա Ֆրանսիայի
նոր նախագահի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան: Այն կտեւի երկու
օր:
Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն նշել է, որ
«Ֆրանսիան Ռուսաստանի համար եղել եւ մնում է հեռանկարային
գործընկերներից մեկը»: Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ
բանակցությունների ընթացքում առաջին հերթին կքննարկվեն
առեւտրատնտեսական հարաբերությունների առկա վիճակի եւ հեռանկարի
հարցերը:
Մինչդեռ Փարիզում մտադիր են ուշադրությունը բեւեռել նախ եւ
առաջ միջազգային խնդիրների վրա: «Կարծում եմ, ավելի շատ կխոսվի
ռազմավարական, քան տնտեսական հարցերի մասին»,- հայտարարել է ՌԴ-ում
Ֆրանսիայի դեսպան Ստանիսլաս դե Լաբուլեն: