ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ<br /> ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՐԱՉՅԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ 100 ԱՄՅԱԿԻՆ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՐԱՉՅԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ 100 ԱՄՅԱԿԻՆ

  • 24-09-2007 20:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 24-ին Երեւանում աշխատանքը սկսեց «Նեյրոքիմիայի եւ նեյրոիմունոլոգիայի արդի հիմնահարցերը» թեմայով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի ծննդյան 100 ամյակին: Գիտաժողովին մասնակցում են Գերմանիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի մոտ 100 մասնագետներ: Այն կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ի Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը եւ Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիան: Ինչպես նշեց ինստիտուտի պրոֆեսոր Գեւորգ Գեւորգյանը, Հ.Բունիաթյանը կարեւոր ներդրում ունի հանրապետությունում երիտասարդ գիտական կադրերի պատրաստման գործում, հանդիսանում է հայկական կենսաքիմիական դպրոցի հիմնադիրը: Ըստ նրա, ակադեմիկոսի գրչին են պատկանում ավելի քան 250 գիտական աշխատանք ու մենագրություն: Նշվեց նաեւ, որ Հ.Բունիաթյանը երկար տարիներ ղեկավարել է հանրապետության ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների եւ դեղաբանների, ինչպես նաեւ կենսաքիմիկոսների ընկերությունները: Նա ակտիվորեն մասնակցել է միջազգային կենսաքիմիական մի շարք կոնգրեսների ու գիտաժողովների, զեկուցումներով հանդես եկել արտասահմանյան բազմաթիվ երկրների գիտական կենտրոններում, ընտրվել Գերմանիայի բնախույզների Լեոպոլդինա ակադեմիայի անդամ: Աշխարհի 14 խոշոր գիտնականների շարքում Հ.Բունիաթյանը ընտրվել էր նյարդաքիմիկոսների միջազգային ընկերության խորհրդի անդամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն