ՀՀ Ազգային գրադարանի տնօրենի հանիրավի պաշտոնանկությունը արդյունք է մշակույթի նախարարի ամբիցիաների, հայտարարում են Գյումրիի մտավորականները


ՀՀ Ազգային գրադարանի տնօրենի հանիրավի պաշտոնանկությունը արդյունք է մշակույթի նախարարի ամբիցիաների, հայտարարում են Գյումրիի մտավորականները

  • 15-06-2011 11:04:43   | Հայաստան  |  Մշակույթ
Գյումրիի մի խումբ մտավորականներ, հանիրավի համարելով ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի պաշտոնանկությունը բաց նամակ են հղել ՀՀ նախագահին։ Նամակում ասված է. «Ձերդ գերազանցություն պարոն նախագահ Մենք` Գյումրի քաղաքի հանրության ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ու անհանգստությունն ենք հայտնում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի աշխատանքային պայմանագրի լուծարման առթիվ: Աշխատանքից ազատվում է մի գործիչ, ում ջանքերով Ազգային գրադարանը ձեռք բերեց նոր նկարագիր, այստեղ հիմնավորվեցին արդի գրադարանավարության առաջավոր մեթոդներ, գրադարանը վերածվեց խոշորագույն մշակութային կենտրոնի, որն իր գործունեության շառավիղները տարածեց նաեւ մեր մարզերում` մասնավորաբար նպաստելով երկրաշարժից ավերված Գյումրիում գրադարանային գործի վերականգնմանն ու հարստացմանը: Դավիթ Սարգսյանն անձնական մեծ ներդրում ունի մեր երկրում եւ մեր քաղաքում գրադարանների դերի ակտիվացման, դրա հանրային նշանակության կարեւորման ասպարեզում: Նա հիրավի ականավոր մշակութային գործիչ է, ազնիվ ու շիտակ մարդ, ճշմարիտ ազգային արժեք, որին ոչ թե պետք է հեռացնել Ազգային գրադարանի կառավարումից, այլ նոր հնարավորություններ տալ` բազմաթիվ նախաձեռնություններ ավարտին հասցնելու համար: Ցանկացած երկրի հարստություն նրա մշակութային արժեքներն են, մինչդեռ, հավանաբար ոչ Ձեր իմացությամբ, վերջին շրջանում արշավանք է կազմակերպվել արժեքների ու դրանց կրողների հանդեպ: Գյումրի քաղաքից Մինաս Ավետիսյանի որմնանկարների դուրսբերումն ու քաղաքն իր մշակութային հարստություններից զրկելը, նշանավոր գործիչներին ասպարեզից հեռացնելը պատիվ չի բերում մեր երկրին եւ մեր իշխանություններին: Գիտենք, որ Դուք շահագրգռված եք հասարակության մեջ բեւեռացումների հարթմամբ, մինչդեռ Դավիթ Սարգսյանի հանիրավի պաշտոնանկությունը մեզ կտանի մի նոր բեւեռացման, կթուլացնի իշխանությունների հանդեպ մեր վստահությունը: Անպայմանորեն, սա չի կարող լինել իշխանությունների որոշումը, այլ արդյունք է ապատեղեկատվության եւ մշակույթի նախարարի ամբիցիաների: Մի նախարարի, ով հայտնի է դառնում նրանով, որ ձգտում է ասպարեզից հեռացնել բոլոր նշանավոր անհատականություններին, մարդկանց, ովքեր անկախության այս տարիների ընթացքում կերտել են մեր մշակութային դաշտը: Լիահույս ենք, որ թե Դավիթ Սարգսյանի, թե Գյումրիից Մինաս Ավետիսյանի որմնանկարների դուրսբերման հարցում Դուք կարտահայտեք Ձեր սկզբունքային վերաբերմունքը: Ձերդ գերազանցություն պարոն նախագահ, Դուք Գյումրիի պատվավոր քաղաքացի եք, ուստի վստահ ենք, որ Ձեր համաքաղաքացիների խնդրանքը Ձեզ համար երկրորդական չի լինի»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play