ԹԱԼԻԲՆԵՐԸ ՉԵՆ ԱԶԱՏԵԼ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ԵՎ ԽԶԵԼ<br /> ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ԹԱԼԻԲՆԵՐԸ ՉԵՆ ԱԶԱՏԵԼ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ԵՎ ԽԶԵԼ
ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 26-07-2007 16:15:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաշտոնական Քաբուլը եւ թալիբների ներկայացուցիչները հերքել են ավելի վաղ հրապարակված տեղեկությունները, թե հուլիսի 25-ին 22 պատանդներից 8-ը աֆղանական իշխանություններին են փոխանցվել, երբ առեւանգողները նրանց համար խոշոր փրկագին են ստացել: Ըստ որոշ տվյալների, թալիբները պատանդներին ետ են վերցրել, երբ տեսել են, որ գերիներին աֆղանական իշխանություններին հանձնելու վայրին մոտենում է զրահամեքենա: Դրանից հետո բանակցությունները ընդհատվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ Ղազնի նահանգի ոստիկանապետ գեներալ Ալի Շահ Ահմադզայի, թալիբները ի կատար չեն ածել իրենց մոտ պահվող 22 հարավկորեացի պատանդներին սպանելու սպառնալիքները, երբ հուլիսի 26-ի գիշերը լրացել է աֆղանական իշխանություններին նրանց ներկայացրած վերջնագրի ժամկետը: Ըստ նրա, այժմ Քաբուլում հնարավոր ամեն բան անում են քրիստոնյա միսիոներներին ազատելու բանակցությունների վերականգնման համար: Հիշեցնենք, որ հարավկորեացի միսիոներները, գլխավորապես բուժքույրեր եւ ուսուցչուհիներ, պատանդ են ընկել հուլիսի 19-ին, երբ Քաբուլից մեկնում էին Ղանդահար: Աֆղանստանում Հարավային Կորեայի զորակազմը բաղկացած է 210 մարդուց` զինվորական բժիշկներից ու ինժեներներից, որոնք իրականացնում են ոչ մարտական առաքելություն, որը պետք է ավարտվի մինչեւ այս տարեվերջ: Միեւնույն ժամանակ Հարավային Կորեան հուլիսի 26-ին հաստատել է իր քաղաքացու մահվան փաստը, որի մարմինը հայտնաբերվել է Ղազնի նահանգում: Զոհի մարմնի վրա ոստիկանությունը հաշվել է 10 հրազենային վերք` կրծքավանդակին, որովայնին եւ գլխին:
Նոյյան տապան  -   Միջազգային