ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐ ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒԺԵՐԸ
ՓՈՐՁԵԼ ՆԱԵՎ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
25-07-2007 19:52:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային
4-րդ կինոփառատոնի ամենաերիտասարդ մասնակից` 19-ամյա Գոռ
Բաղդասարյանի 3,5 րոպեանոց «Ճաշի ժամը» կինոնկարը արժանացավ «Կենաց
ծառ» մրցանակին եւ ստացավ 500 հազար դրամ գումարային պարգեւ:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գոռ
Բաղդասարյանը, կարճամետրաժ վավերագրական ֆիլմում ներկայացված է
Վանաձոր քաղքի «ջունգլիներ» կոչվող տարածքում, վագոններում բնակվող
աղքատ ընտանիքների մասին: «Ես փորձել եմ ներակայացնել ծայրահեղ
աղքատության մեջ ապրող մարդկանց կյանքից մի հատված, եւ ընտրել եմ
ճաշի ժամը եւ փորձել ճշտությամբ ներկայացնել աղքատ ընտանիքի ճաշի
պատկերը»,- նշեց Գոռը:
2006 թվականին նկարահանված այս ֆիլմը արդեն անցյալ
դեկտեմբերին մասնակցել է Չինաստանում կայացած Գունչժուի միջազգային
կինոփառատոնին եւ արժանացել լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին:
Ներկայումս Գոռ Բաղդասարյանը աշխատում է նոր սցենարի վրա եւ
ցանկանում է ուժերը փորձել նաեւ խաղարկային ֆիլմի ասպարեզում: Իսկ
ստացված 500 հազար դրամը, իր իսկ խոսքերով, օգտագործելու է հենց
այդ ֆիլմի նկարահանման աշխատանքների համար:
Նշենք նաեւ, որ առաջին մրցանակը Գոռը ստացել է 14 տարեկանում
(2002 թ.). Ամստերդամում կայացած 1 րոպեանոց ֆիլմերի միջազգային
կինոփառատոնում «Հրաժեշտ զենքին» կինոնկարի համար արժանացել է
«Գրան պրի» բարձրագույն մրցանակին: Դրանից հետո նա մասնակցել է
միջազգային այլ փառատոների եւս եւ ստացել պարգեւներ եւ մրցանկներ: