ԲԱՑՎԵՑ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՒԻՆԴՍԵՐՖԻՆԳԻ ԱԿՈՒՄԲԸ<br />


ԲԱՑՎԵՑ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՒԻՆԴՍԵՐՖԻՆԳԻ ԱԿՈՒՄԲԸ

  • 23-07-2007 17:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ՍԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 21-ին մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Սեւանա լճի ափին կառուցված ուինդսերֆինգի (ջրային մարզաձեւերի) ակումբի բացմանը: «Ունենալով այսպիսի հրաշք լիճ եւ չզարգացնել այս մարզաձեւը ուղղակի հանցանք է»,- ասաց նախագահը` հավելելով. «Կփորձենք բացի ուինդսերֆինգից ձեռք բերել փոքր սպորտային առագաստանավեր, եւ ակումբը ընդհանրապես առագաստանավային մարզաձեւերի զարգացման համար հենակետ կլինի»: Ռ.Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ ակումբն անկասկած կարող է գրավիչ լինել նաեւ զբոսաշրջիկների համար: Ըստ նախագահի, Սեւանա լճի ափին մեկ-երկու տարի հետո կբացվեն մարզաձեւի եւս մեկ-երկու կենտրոններ: Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանի, կառույցը` ներառյալ կահավորանքը եւ մարզագույքը, պահանջել է 250-260 մլն դրամի ներդրումներ եւ մոտ 7 ամսվա աշխատանք: Նշվեց, որ աշխատանքները դեռեւս ավարտված չեն` կառուցվելու են նաեւ բասկետբոլի եւ թենիսի խաղահրապարակներ, մի քանի այլ շինություններ, ինչի շնորհիվ կառույցը կդառնա լիարժեք մարզական համալիր: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը նշեց, որ նորակառույց բազան լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին. այստեղ կարող են անցկացվել միջազգային մրցումներ, այդ թվում` Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ: Իսկ ակումբի տնօրեն Մհեր Թովմասյանը նշեց, որ ակումբում մարզումներ կանցկացնեն ոչ միայն մարզիկները, այլ նաեւ բոլոր ցանկացողները:
Նոյյան տապան  -   Սպորտ