«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է<br /> ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՇԱՐՔԸ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՇԱՐՔԸ

  • 04-07-2007 18:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 9-14-ը Երեւանում անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատոնի ամենասպասվող եւ ամենավառ հյուրը` ֆրանսիացի հայտնի դերասանուհի Ժաննա Մոռոն, չի կարող ժամանել Հայաստան` Ավինյոնի փառատոնին մասնակցելու պատճառով: Սակայն, ինչպես հուլիսի 4-ի մամլո ասուլիսում հայտարարեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, այդ բացը կլրացնեն ոչ պակաս հայտնի եվրոպական ռեժիսորները եւ պրոդյուսերները: Հ.Խաչատրյանի խոսքերով, այս տարի փառատոնի բացման արարողությունը կկայանա Ազատության հրապարակում` հուլիսի 9-ի երեկոյան, ինչին կհաջորդի Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությունը, որով էլ կազդարարվի փառատոնի մեկնարկը: Ըստ Հ.Խաչատրյանի, բացման արարողությունը Ազատության հրապարակում կազմակերպելու նպատակը կինոյի այդ հրաշալի երեւանյան տոնին բոլոր ցանկացողներին մասնակցելու հնարավորություն ընձեռելն է: Այդ օրվա համար հրապարակում կտեղադրվեն 1500 հոգու համար նախատեսված նստարաններ: Բացի այդ, հրապարակում ամեն երեկո` ժամը 10-12-ը կցուցադրվեն փառատոնին մասնակցող լավագույն ֆիլմերը: Հ.Խաչատրյանը նշեց, որ այս տարի փառատոնի ծրագրում ներառված բազմաթիվ նորություններից է երկու` FIPRESCI-ի (Կինոլրագրողների միջազգային համադաշնության) եւ Եկեղեցիների միջազգային կազմակերպության նոր հանձնաժողովների ստեղծումը: Բացի այդ, այս տարի սահմանվել է նաեւ «Կենաց ծառ» մրցանակը. ծառի վրա կախված ֆիլմերի անվանումներից որեւէ մեկը պատահական ընտրության սկզբունքով կարժանանա դրամական պարգեւի` 500 հազար դրամ: Փառատոնի տնօրենը հայտարարեց, որ այս տարի առաջին անգամ դրամական պարգեւներ են սահմանված նաեւ միջազգային խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի համար, համապատասխանաբար` 2 եւ 1 մլն դրամի չափով:
Նոյյան տապան  -   Մշակույթ